Ատելության կուսակցության տղաներ և աղջիկներ, կարելի է, չէ՞, մի քիչ ավելի գրագետ լինել: Ակտիվ քաղաքականությամբ զբաղվող մարդիկ եք, կարելի է, չէ՞, Հայաստանի ոչ վաղ անցյալի քաղաքական պատմությունը մի քիչ ավելի լավ ուսումնասիրել: Ձեր ողջ գիտակցական կյանքում հրապուրված եք եղել ՀՀՇ իշխանությամբ, սրբացրել ու սրբադասել եք այդ տարիների մարդկանց և իրադարձությունները: Ձեզ չեն ասե՞լ, որ 1994-ին ծանրագույն քրեական մեղադրանքներով Հայաստանում ՀՅԴ գործունեության կասեցումը տապալվեց, որովհետև ի սկզբանե գործը քաղաքականացվեց: Ձեզ չեն ասե՞լ, որ, ձեր բառապաշարով ասած, դաշնակների քրեական գործն ի սկզբանե քաղաքական աստառ ստացավ ու ծիծաղելի դարձավ, որովհետև քրեական գործից խոսեց ոչ թե գլխավոր դատախազը, այլ հանրապետության թիվ մեկ քաղաքական պաշտոնյան` նախագահը: Ի սեր Աստծո, մեկդ ձեր սուպերնախարար Արայիկին բացատրեք, որ Դաշնակցության վրա քրեական գործ հարուցվել է ժամանակին, այդ գործը քաղաքականացվել ու փլուզվել է:

Բացատրեք ձեր սուպերնախարարին` երբ քաղաքական պաշտոնյան խոսում է քրեական գործերից, երբ քաղաքական պաշտոնյան քաղաքական ընդդիմախոսներին սպառնում է քրեական հետապնդմամբ, ապա դա հենց առաջին րոպեից տապալված ու ծիծաղելի գործ է, դա քաղաքական հետապնդում է, ընդամենը քաղաքական հաշվեհարդար է, որը ոչ մի կապ չունի իրավունքի և իրավաբանության հետ: Եթե նույնիսկ քրեական գործի թեմա կա, ապա դա հերթական երկաթյա փաստն է, որ Հայաստանում քրեական հետապնդումն իրականացվում է ըստ քաղաքական նպատակահարմարության: Արդյո՞ք սա կապ ունի իրավական պետության հետ: Իհարկե ոչ: Չնայած այնքան կապ ունի, որքան որ 1994-ի տապալված գործը կապ ուներ: Ի վերջո, բացատրեք պարոնին, որ կողմնորոշվի` ինքը քաղաքական պաշտոնյա՞ է, թե՞ ոստիկան է, քննիչ է, դատախազ է: Ի վերջո, մի օր պարոն Հարությունյանին հարցաքննելու են, և նա ստիպված է լինելու պատասխանել հարցին` հանցագործություն է պարտակե՞լ, թե՞ զրպարտել է: Իսկ այդ հարցաքննության քաղաքական «թթու ջուրը» դուք եք խմելու շատ երկար տարիներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել