Asparez.am-ը գրում է.
«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի խոսքերով, պետական մարմինների կողմից տեխնիկական միջոցների կիրառմամբ քաղաքացիների հեռախոսազրույցների գաղտնալսումը՝ առանց դատարանի թույլտվության, դառնում է անստուգելի եւ անվերահսկելի: Մինչդեռ գաղտնալսումների դեպքում անհրաժեշտ է դատարանի թույլտվությունը, որը նաեւ նախաքննական գործողություն է: Առանց դատարանի որոշման գաղտնալսումներն անօրինական են: Ա.Սաքունցի կարծիքով, քրեական կարեւոր նշանակություն ունեցող գործերով քննչական մարմինները հաստատ գաղտնալսում իրականացնում են եւ երաշխիք չկա, որ այն դատարանի որոշման հիման վրա է կատարվում:
«Քաղաքացին էլ պետք է տեխնիկապես զինված լինի, որ հասկանա՝ իր հեռախոսազրույցները գաղտնալսու՞մ են, թե՞ ոչ»: Ստացվում է՝ ցանկացած քաղաքացի տեխնիկական միջոցների առկայության պարագայում կարող է գաղտնալսել մեկ այլ անձի հեռախոսազրույցները եւ անպատի՞ժ մնալ, հարցրեցի Ա.Սաքունցին: «Ըստ էության՝ այո, որն, իհարկե, կհամարվի անօրինական միջամտություն այլ անձի ներքին գործերին: Այստեղ միջոցների անհամաչափության մասին է խոսքը, որ պետության զինվածության համեմատ՝ քաղաքացին զրկված է այդ նույն հնարավորություններից, որպեսզի կարողանա վերահսկել»: Նա օրինակ է բերում ԱՄՆ-ը, ոորտեղ սեպտեմբերի 11-ի դեպքերից հետո տեղի քաղաքացիները համաձայնեցին, որ առանց դատարանի որոշման իրենց հեռախոսազրույցները կարող են գաղտնալսվել ահաբեկչական գործողությունների հայտնաբերման, կանխարգելման նպատակով: Սակայն եթե քաղաքացին համաձայնում է, դա չի նշանակում, որ պետությունը կարող է առանց իրավական հիմքերի դա իրականացնել:
«Գաղտնալսումներ կարող են իրականացվել քննչական գործողությունների կատարման ընթացքում, երբ անձը հանդիսանում է կասկածյալ կամ մեղադրյալ: Անձն իր վերաբերյալ օպերատիվ-հետախուզական տվյալներին կարող է ծանոթանալ, եթե ունեցել է կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ եւ նրա նկատմաբ քրեական հետախուզումը կարճվել է հիմքերի բացակայության հիմնավորմամբ: Դրանից 3 ամիս հետո նա իրավունք ունի դիմել եւ իր վերաբերյալ այդ տվյալները ստանալ»,-ասում է զրուցակիցս: Մյուս կողմից՝ իրավապաշտպանի դիտարկմամբ, անձը ո՞նց իմանա, որ իր նկատմամբ օպերատիվ-հետախուզական գործողություն են իրականացնում: Այսինքն՝ պետք է ենթադրի, որ դիմի:
Իրավապաշտպանի խոսքերով, իրենք գրավոր հարցում են ուղարկել դատական դեպարտամենտ, որ պարզվի, թե քանի՞ գաղտնալսման վերաբերյալ որոշում է կայացվել դատական մարմինների կողմից 2008-2012 թվականներին: Այդ որոշումներից քանիսի՞ արդյունքով է, որ քրեական գործեր է հարուցվել կամ քրեական գործի համար կարեւոր նշանակություն ունեցող տեղեկատվություն է ձեռք բերվել: «2008 թվականի մարտի 1-ի հետ կապված՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանը հրապարակավ հայտարարեց, որ իրենք լսել են Ալիկ Արզումանյանի եւ Նիկոլ Փաշինյան հեռախոսազրույցները: Այն ժամանակ քաղաքական ընդդիմադիրների հեռախոսազրույցների գաղտնալսումներ կատարվել են: Չգիտեմ, իմ նշած անձինք դիմե՞լ են դատարան ստանալու գաղտնալսումների վերաբերյալ դատարանի որոշումը, բայց գոնե Ալիկ Արզումանյանը մարտի 1-ից հետո կասկածյալի կարգավիճակ չուներ»:
Ա. Սաքունցը նաեւ նշեց, որ իրեն հայտնի գաղտնալսման դեպքերից է նաեւ հյուրանոցում Արթուր Բաղդասարյանի զրույցը Մեծ Բրիտանիայի թագավորության դեսպանության ներկայացուցչի հետ, երբ գաղտնալսման օրինաչափության վերաբերյալ որակումներ տվեց նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Ամենավերջին դեպքերից է «Հարսնաքարը»: Արդյոք Նեմեց Ռուբոյի հետ եղե՞լ է խոսակցություն, թե չէ, էդքան մասը հանեցին: Բայց երբ կան ակնհայտ հիմքեր կասկածելու անձի մասնակցությունը կամ իրազեկվածությունը քրեական հանցագործությանը, այն ժամանակ չեն գաղտնալսում կամ միջոցներ չեն ձեռնարկում վերծանելու: Հիշեցի, երբ ազգային անվտանգության մարմինները քրեական գործ հարուցեցին Կապանի մի բնակչուհու նկատմամբ, քանի որ նա ինտերնետային կայքի միջոցով ծանոթացել էր ինչ-որ մարդկանց հետ, ովքեր ադրբեջանական անվտանգության ծառայության աշխատակիցներ են եղել, որոնց բնակչուհին նյութեր է փոխանցել: Սա ապացուցում է, որ համացանցը վերահսկվում է, որը ոչ օրինաչափ է, քանի որ դա էլ է հանդիսանում տեղեկատվական կապի միջոց, ինչպես ասենք հեռախոսով հաղորդակցությունը: Միայն հաղորդակցվելու հիման վրա չէին կարող քրեական գործ հարուցել, որպես ապացույցներ օգտագործել են տեղեկատվության բովանդակային մասը»,-եզրափակեց զրուցակիցս:
ՀԳ: Ըստ Հետախուզության մասին ՀՀ օրենքի, հեռախոսային խոսակցությունների վերահսկման համար ազգային անվտանգության մարմինները Ծառայություն են ներկայացնում դատարանի որոշման քաղվածքը, այդ միջոցառումն իրականացնող մարմնի ղեկավարի որոշումը: Ծառայությանը դիմած մարմինը պարտավոր է 48 ժամվա ընթացքում ներկայացնել դրանց իրականացումը թույլատրելու կամ չթույլատրելու մասին դատարանի որոշման քաղվածքը: 48 ժամվա ընթացքում դատարանի թույլտվությունը չներկայացնելու կամ օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացումը չթույլատրելու մասին դատարանի որոշման քաղվածքը ծառայություն ներկայացնելու դեպքում դրանց անցկացումն անմիջապես դադարեցվում է, ձեռք բերված տեղեկությունները եւ նյութերը ենթակա են ոչնչացման: Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու իրավունք ունեն ոստիկանությունը, ազգային անվտանգության մարմինները, հարկային, մաքսային մարմինները, քրեակատարողական ծառայությունը` քրեակատարողական հիմնարկներում:
Անահիտ Սիմոնյան