Լրատվամիջոցներից ոմանք ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի խոսքը սենսացիոն հայտարարություն են համարել... Այստեղ սենսացիոն ոչինչ չկա, կա իրավաբանական ընթացքի մասնագիտական հուշում: Այսինքն, ինչպես գրում է lragir.am կայքը, «Հայաստանը գործընթաց է սկսելու Թուրքիայի դեմ, որը կմեկնարկի միջազգային պայմանագրերի բողոքարկմամբ, մասնավորապես՝ 1921 թ. Մոսկվայի պայմանագրի: Աղվան Հովսեփյանը հայտարարել է, որ Մոսկվայի պայմանագիրը չունի միջազգային իրավական ուժ (այդ պայմանագրով Ղարաբաղը եւ Նախիջեւանը բռնակցվեցին Ադրբեջանին, Մոսկվան ճանաչեց Թուրքիայի ներկայիս սահմանը Հայաստանի հետ), իսկ 1923 թ. Լոզանի պայմանագրով Կարսը չի մտնում Թուրքիայի կազմի մեջ: Փոխարենը, ուժը չի կորցրել Սեւրի պայմանագիրը, ըստ որի Հայաստանի կազմում են Վանը, Բիթլիսը, Էրզրումը եւ Տրապիզոնը»: Այն, ինչ ասում է գլխավոր դատախազը, շատ վաղուց է ասվել, բազմաթիվ անգամներ այս ամենը հնչեցվել է տարբեր ամբիոններից, սակայն տարօրինակն այն է, որ մեր արտաքին քաղաքական գերատեսչությունը և Ազգային ժողով կոչվող մարմինը սեթևեթում են առաջին գիշերվան պատրաստվող հարսի նման, խունջիկ-մունջի գալիս՝ այդպես էլ չկամենալով գործնական քայլերի դիմել: Իսկ ահա ժամանակը չի սպասում: Ադրբեջանն ու Ռուսաստանը պատրաստվում են պատերազմի Հայաստանի դեմ, երկիրը հայաթափվում է արտագաղթի պատճառով... Այսօր տակավին աշխարհում կան ուժեր, որոնք չեն ընդունում տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերի ամրապնդումը, որոնք ամեն ինչ անում են՝ Թուրքիային ծնկի բերելու համար: Ուրեմն, ձևավորվել է պատմականորեն բարեպատիկ վիճակ, ստեղծվել են բարենպաստ պայմաններ... Հայոց խորհրդարանը չպետք է սպասի իր աշնանային նստաշրջանին, պիտի հիմա արդեն սկսի գործել և օգոստոսին հրավիրել արտահերթ նիստ՝ չեղյալ համարելու Մոսկվայի պայմանագիրը, վերանայելու Լոզանի պայմանագրի ոչ իրավական դրույթները, հատկապես այն, որ այդ պայմանագրով Սևրի դաշնագիրը համարվեց ուժը կորցրած... Երազելու ու ամեն մի ելույթ սենսացիոն համարելու փոխարեն՝ պարզապես պետք է գործել: Հիմա և անհապաղ:
Կից նյութը՝ այստեղ



