Armdaily.am-ը գրում է.
Ինչպես հայտնի է, այսօր ԱԺ-ում միջադեպ է եղել «Իմ քայլի» պատգամավորների միջեւ։ Խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը եւ պատգամավոր Վարդան Աթաբեկյանը դահլիճում վիճել են, ապա դուրս եկել՝ դրսում հաշիվներ պարզելու։
«Իմ քայլի» բազմաթիվ պատգամավորներ նրանց հետ դուրս են եկել դահլիճից եւ շտապել խմբակցություն՝ պարզելու իրավիճակը։ Թեեւ պատգամավորները հայտարարում էին, որ որեւէ միջադեպ չի եղել, Հակոբ Սիմիդյանը հաստատեց, որ միջադեպ է տեղի ունեցել՝ հավելելով, թե Աթաբեկյանի հետ ընկերներ են, ոչ մի խնդիր չկա։
«Մի քիչ բարձր տոների մեջ խոսացինք, պատմություն դառավ։ Իմ՝ դահլիճից դուրս գալը մեր ընկերոջն ուրիշ բան էր թվացել, հետո պարզեցինք, որ դա՝ դա չէր։ Երկու բառ զրուցել ենք, ավարտել ենք, ոչ մի հրմշտոց, քաշքշոց չի եղել»,- հավելեց Սիմիդյանը։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարդան Աթաբեկյանը, անդրադառնալով իր և Հակոբ Սիմիդյանի միջև տեղի ունեցած միջադեպին, նշեց, որ անձնական հարց է եղել։ Դիտարկմանը, որ եթե վեճը լինում է ԱԺ նիստերի դահլիճում, արդեն անձնական չէ, պատգամավորն ասաց. «Ով ասեց, Աժ-ն բանավիճելու, խոսելու տեղ է։ Իզուր անիմաստ հարցեր մի տվեք»։
ArmDaily.am-ին հայտնի դարձավ, թե ինչն է եղել վիճաբանության պատճառը։ Ըստ այդմ՝ միջադեպի պատճառն այն է, որ Վարդան Աթաբեկյանը, ի տարբերություն խմբակցության դեմ դիրքորոշմանը, կողմ է քվեարկել Գեւորգ Պետրոսյանի՝ «Ընտանեկան օրենսգրքում» փոփոխություններ լրացումներ կատարելու նախագծին։ Այս հանգամանքը զայրացրել է Սիմիդյանին, ով կարծում է, թե Աթաբեկյանը այդպիսով իրեն «լավ տղու» տեղ է դրել։
Նշենք, որ Գեւորգ Պետրոսյանն առաջարկում է արգելել միասեռական և սեռափոխված անձանց երեխա որդեգրելը։
Այս թեմայով՝ «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանը հայտարարել էր, թե Հայաստանում երբևէ նման դեպք չի եղել, Պետրոսյանը բերել է օրենքի նախագիծ՝ գոյություն չունեցող խնդրի մասին։
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ԼՀԿ-ական պատգամավոր Տարոն Սիմոնյանն էլ նշել էր, որ բացասական եզրակացություն է տրվել նախագծին, օրենսդրությամբ արդեն իսկ ամրագրված է նման արգելք։
Քվեարկության արդյունքում նախագիծը չմտավ օրակարգ, դեմ քվեարկեց 70 պատգամավոր, կողմ՝ 35-ը։
Հիշեցնենք, որ այս նախագծի պատճառով ԱԺ-ում վիճաբանություն եղավ։ ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը փորձում էր «թասիբի» գցել պատգամավորներին՝ հայտարարելով, թե ով կողմ չքվեարկի սրան, կնշանակի, որ ինքը ցանկանում է՝ իր ընտանիքում նման բաներ լինեն։
ԱԺ նախագահը զայրացավ պատգամավորի ելույթի ժամանակ՝ հայտարարելով. «էդ ի՞նչ անձնավորված բաներ ա, մի հատ էլ քֆուր դրեք քվեարկելու վրա։ Ձեր ձևը արդեն չափ ու սահման չունի»։
Հ.Գ. Լուսանկարից պարզ է դառնում, որ «Իմ քայլի» պատգամավորներից մեկը կողմ է քվեարկել նախագիծը օրակարգ մտնելուն, ով, ամենայն հավանականությամբ, հենց Վարդան Աթաբեկյանն է։