Լավրովի երևանյան այցն առաջին հայացքից բավականին դրական կարելի է համարել: Տպավորություն է ստեղծվում, որ այն ապացույցն է այն բանի, որ Ռուսաստանի և Հայաստանի ներկայիս իշխանությունների հարաբերությունները միանգամայն ջերմ են, և հայ-ռուսական հարաբերություններում ամեն ինչ հարթ է ընթանում: Այցը կրկին առաջին հայացքից ստեղծում է բոլոր նախադրյալները հասարակության շրջանում իշխանությունների նկատմամբ այսպես կոչված էյֆորիկ ու հաղթական տրամադրություններ ստեղծելու ուղղությամբ:

Նախ` Լավրովն Արցախը բանակցությունների սեղանից դուրս թողնելու հարցում ակնարկեց Ռոբերտ Քոչարյանին, ցյուրիխյան արձանագրությունների հարցում ոչ ուղղակի կերպով մեղադրեց Սերժ Սարգսյանին, և ամենակարևորը՝ ցիտեց Փաշինյանին՝ նշելով, որ դժվար է չհամաձայնվել ՀՀ վարչապետի առաջ քաշած այն թեզի հետ, ըստ որի` Ղարաբաղյան հակամարտության կարգավորման սցենարը պետք է ընդունելի լինի և՛ Հայաստանի, և՛ Ղարաբաղի, և՛ Ադրբեջանի ժողովուրդների համար: Այսինքն` առաջին հայացքից տպավորություն է ստեղծվում, որ այն պարագայում, երբ նախորդների հասցեին ինչ-ինչ մեղադրանքներ են հնչեցվում, Փաշինյանի նկատմամբ ցուցաբերվում է բավականին դրական վերաբերմունք:

Սակայն մի փոքր դետալների մեջ խորանալով՝ միանգամայն պարզ է դառնում, որ այս ականջահաճո հայտարարությունների տողատակերում առկա են մի շարք ռիսկային էլեմենտներ: Գաղտնիք չէ, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումից հետո ռուսական կողմը տարբեր մակարդակներում ոչ մեկ անգամ է դժգոհություն հայտնել և բաց տեքստով հայտարարել, որ վերջինիս նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում: Ավելին՝ վերջին այցի ժամանակ ՌԴ նախագահն, այցելելով Հայաստանում Ռուսաստանի դեսպանատուն, այնտեղ հանդիպեց ՀՀ երկրորդ նախագահի տիկնոջ հետ Քոչարյանի կալանքը, նրա շուրջ ստեղծված իրավիճակը, իշխանությունների կողմից ծավալվող գործողությունները քննարկելու նպատակով՝ դրանով ևս մեկ անգամ ցույց տալով վերջինիս նկատմամբ ունեցած մտահոգությունները: Այժմ այս համատեքստում տարօրինակ չէ՞ արդյոք այն հանգամանքը, որ այս ամենից հետո ռուսական կողմն, ինչ-ինչ նպատակներ հետապնդելով, ակնարկներ է հնչեցնում երկրորդ նախագահի հասցեին (այն էլ՝ այն դեպքում, երբ հարց է, թե իրականում Արցախն ում ղեկավարման օրոք է դուրս մնացել բանակցային սեղանից): Ի՞նչ է, մի քանի օրվա ընթացքում Ռուսաստանն այդքան հեշտությամբ մոռացավ Քոչարյանի նկատմամբ ունեցած բարեկամական հարաբերությունները և սկսեց աջակցել Փաշինյանի քայլերի՞ն։

Կամ տարօրինակ չէ՞ արդյոք այն հանգամանքը, թե ինչո՞ւ է վերջին շրջանում ռուսական կողմը տարբեր խողովակներով դժգոհություն հայտնում Հայաստանի իշխանությունների նկատմամբ, Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում մեղադրում նրան ապակառուցողականության մեջ և պարբերաբար հարթակ տրամադրում Ադրբեջանի ղեկավարությանը հակահայկական հայտարարություններ անելու համար և ընդամենը մի քանի օրվա տարբերությամբ «գովում» է ՀՀ կառավարության ղեկավարի թեզը` փորձելով ցույց տալ, որ աջակցում է վերջինիս արած հայտարարություններին:

Հաշվի առնելով հայ-ռուսական հարաբերությունների վերջին զարգացումները, հատկապես Ղարաբաղյան հակամարտության համատեքստում՝ Լավրովի այս փոխակերպված վերաբերմունքը բավականին մտահոգիչ է թվում: Կասկածից վեր է, որ այս դրական վերաբերմունքի դիմաց ռուսական կողմը որոշ ակնկալիքներ ունի Հայաստանի իշխանություններից: Իսկ թե որոնք են այդ ակնկալիքները, և թե ինչ գին է պատրաստվում ռուսական կողմը ստանալ Հայաստանի իշխանություններից, այս հարցում սլաքները թերևս ուղղվում են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում «Լավրովի պլան» անվանումը ստացած փաթեթին…

Իսկ դրա մեղավորը ցավալի է, բայց փաստ է՝ Ղարաբաղյան հիմնախնդրի հարցով այդպես էլ որևէ հայեցակարգ չմշակած ՀՀ ներկայիս իշխանություններն են…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել