Նոյեմբերի 11-ին Շիրակի պետհամալսարանի երեք ֆակուլտետներից բազմաթիվ ուսանողներ (բազմաթիվ դասախոսներ էլ նրանց կողքին են եղել) մասնակցել են դասադուլի՝ ի պաշտպանություն ԵՊՀ-ի այն ուսանողների և դասախոսների, որոնք ԿԳՄՍՆ-ից պահանջում են չեղարկել բուհերում հայագիտական առարկաների ուսուցման պարտադիր լինելու կարգի փոփոխումը։

Չէի անդրադառնա այս թեմային, քանի որ վերջինս բավական լուսաբանվել էր, եթե չծանոթանայի ՇՊՀ-ի ռեկտորի ԺՊ Երվանդ Սերոբյանի հարցազրույցներին, որոնցում վերջինս, չդավաճանելով իր ոճին, բացահայտ խեղաթյուրում և կեղծում է փաստերը։

Նախ՝ պարոն Սերոբյանը հայտարարում է, որ դասերը չեն խաթարվել, և դասադուլ չի եղել։ Պարոն Սերոբյանը կա՛մ տեղյակ չէ իրականությանը, կամ էլ ստում է։ Ժամը 11։00-ին Սոցիալական գիտությունների և իրավունքի, Բնագիտամաթեմատիկական ու Հումանիտար գիտությունների և արվեստի ֆակուլտետների բազմաթիվ կուրսերի ուսանողներ, մասնակցելով պարոն Սերոբյանի բնորոշմամբ «մի 15 րոպեանոց ակցիային», հիմնականում էլ բուհ չեն վերադարձել։ Ավելին՝ 3-4 դասաժամերի ավարտից հետո, երբ շատ ուսանողներ տեղեկացան դասադուլի մասին, ևս միացան դասադուլին։ ՇՊՀ-ն գրեթե դատարկ էր։

Պարոն Սերոբյանն ինչի՞ց դուրս գալով է հայտարարում, որ դասապրոցեսը սովորական հունով է ընթացել և դասադուլը տևել է 10-15 րոպե։ Ես հավաստում եմ, որ դասապրոցեսը խախտված է եղել բոլոր երեք վերը նշված ֆակուլտետների շատ կուրսերում։

2018 թ․-ի մայիսի սկզբին, երբ ՇՊՀ-ում ևս տեղի էին ունենում դասադուլներ, և բուհը դատարկ էր, Երվանդ Սերոբյանի «ուսուցիչը»՝ կրթական գործի Կոլումբոս Սահակ Մինասյանը ևս հայտարարում էր, որ ՇՊՀ-ում դասադուլ չկա, և ամեն ինչ նորմալ է։ Նույն ոճով առաջնորդվում է Երվանդ Սերոբյանը։

Անդրադառնալով իրեն ՇՊՀ-ի ռեկտորի պաշտոնին կարգած Արայիկ Հարությունյանի՝ վերջերս «շտիրլիցյան» ոճով Շիրակի մայր բուհ կատարած այցին՝ պարոն Սերոբյանը լղոզված ինչ-որ հայտարարություններ է անում, թե իբր մի քանի օր առաջ էր նախարարը եկել համալսարան, մարդիկ հավաքվեցին, զրուցեցին, խնդիր քննարկեցին։ Հետաքրքիր է՝ ի՞նչ մարդկանց մասին է խոսքը. ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի նախկին ղեկավար, վատահամբավ և տխրահռչակ Սահակ Մինասյանի ֆան-ակումբի որոշ անդամների՞, որի ակտիվիստներից է եղել նաև Երվանդ Սերոբյանը։ Բուհի կոլեկտիվը և ուսանողները նախարարի այցի մասին տեղեկացված չեն եղել։ Իսկ միամտաբար նախարարին ընթերցասրահում հանդիպած դոկտոր-պրոֆեսոր Խաչիկյանի միքանիրոպեանոց զրույցը Արայիկ Հարությունյանի հետ ծիծաղելի է ներկայացնել որպես հանդիպում և քննարկում։ Պարոն նախարարը, որը խոստացել էր օգոստոսի վերջին կամ սեպտեմբերի սկզբին գալ ՇՊՀ, իր խոստումը մինչև հիմա չի կատարել։

Պարոն Սերոբյանը նաև անդրադարձել է «Բաց հասարակության հիմնադրամներ» հայաստանյան գրասենյակի (այլ կերպ ասած՝ Սորոսի հիմնադրամի) կողմից վերջերս 17.000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհի տրամադրմանը ՇՊՀ-ին։ Լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք տեղյակ է բուհի անձնակազմը, և սկսվել է արդյո՞ք դրամաշնորհային ծրագրերի իրականացումը, ՇՊՀ-ի ռեկտորի ԺՊ-ն կրկին իր ոճին բնորոշ պատասխան է տվել։ Պարզվում է, ըստ Սերոբյանի, իհարկե, բուհի ղեկավարությունը իմացել է այդ դրամաշնորհի մասին, և ՇՊՀ-ի աշխատակիցների մի խումբ՝ մասնագիտական կրթական ծրագիր իրականացնելու նպատակով մասնակցել է մրցույթին ու շահել է:

Պարոն Սերոբյանը կրկին ստել է։ Բուհի անձնակազմը միայն համալսարանի ղեկավարությունը և բուհի աշխատակիցների մի խումբը չէ։ Իսկ այդ մրցույթի մասին շատերը չգիտեին։ Ավելին՝ իրենց անտեղյակության մասին սոցցանցերում գրառումների միջոցով հայտնել են նույնիսկ պարոն Սերոբյանի մատնանշած բուհի ղեկավարության մաս կազմող որոշ մարդիկ ևս։ Հետաքրքիր է, ովքե՞ր են Սորոսի հիմնադրամից այդ 17 հազար դոլար դրամաշնորհային ծրագրի հաղթողները։

Հավելեմ, որ սա առաջին դեպքը չէ, երբ ՇՊՀ-ում իրականացվող ծրագրերի մասին պրոֆեսորադասախոսական անձնակազմի 95 տոկոսը տեղյակ չէ։ Նույն խայտառակ վիճակն էր նաև ՆՈՐԿԵՆՏ ծրագրի հետ կապված, որին մասնակցում և հաղթում էին հիմնականում Սահակ Մինասյանի ֆան-ակումբի ներկայացուցիչները։

ՇՊՀ-ի ռեկտորի ԺՊ Երվանդ Սերոբյանի հարցազրույցներում պարունակվող ապատեղեկատվությունը և փաստերի խեղաթյուրումը հիմնականում նպատակ ունեն ԿԳՄՍ նախարարին համոզելու, որ ՇՊՀ-ում ամեն ինչ կարգին է և վերահսկելի, այնինչ ՇՊՀ-ի ներքին խոհանոցին ծանոթ մարդիկ շատ լավ տեղյակ են, որ Երվանդ Սերոբյանը իր կաբինետից այն կողմ ոչինչ չի վերահսկում։

Ի դեպ, ԿԳՄՍՆ-ի ղեկավարը լավ կլինի՝ իմանա, որ իբրև թե ՇՊՀ-ն կարգի բերած Երվանդ Սերոբյանն ամեն ինչ անում է, որ ՇՊՀ-ում մեծանա իշխանությունների նկատմամբ հակակրանքը և դժգոհությունը. այսօր նոյեմբերի 12-ն է, սակայն պարոն Սերոբյանը մինչև հիմա աշխատավարձ չի տվել աշխատակիցներին, այնինչ այսպիսի բան վերջին 15 տարում չի եղել։

Հ.Գ. Առաջին անգամ չէ, որ առնչվում եմ Երվանդ Սերոբյանի կողմից կեղծ տեղեկություններ տարածելուն. որոշ ժամանակ առաջ իմ անունից էր ապատեղեկատվություն տարածում ու ջանադրաբար մեկնաբանում այն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել