168.am-ը գրում է․

Նոյեմբերի 12-ին կմեկնարկի Ազգային ժողովի հերթական քառօրյան, որի օրակարգում է ընդգրկված 2020 թվականի բյուջեի նախագիծը։ Ըստ տնտեսագետ Սուրեն Պարսյանի՝ թեև յուրաքանչյուր երկրի համար պետական բյուջեն այն հիմնական փաստաթուղթն է, որի շուրջ ծավալվում են շատ լուրջ քննարկումներ և վերլուծություններ, սակայն ո՛չ ներկա Կառավարությունը, ո՛չ մյուս քաղաքական ուժերը պատշաճ ուշադրություն չդարձրեցին 2020 թվականի պետական բյուջեի նախագծի վրա։

«Կառավարությունը ցույց տվեց, որ, ինչպես այս, այնպես էլ՝ նախորդ տարվա ընթացքում ինքն ուշադրություն չի դարձրել  պետական բյուջեով հաստատված ցուցանիշների վրա, և բյուջեն ներկայացնում են՝ որպես պարտականություն։ Վստահեցնում եմ՝ այս բյուջեն որևէ նպատակ չունեցող բյուջե է։ Իրենց նախընտրական և հետընտրական շրջանում արված հայտարարություններն էլ չեն համընկնում այս ծրագրի հետ: Օրինակ՝ հայտարարեցին, որ նվազագույնը պետք է ապահովեն 5 տոկոս տնտեսական աճ, Փաշինյանն էլ Ստեփանակերտում հայտարարեց, որ 2050 թվականին 15 անգամ ՀՆԱ-ն աճելու է, որի համար ամեն տարի պետք է 9.5 տոկոս աճ, սակայն այժմ բերել են 4,9 տոկոս տնտեսական աճ։ Ես այս բյուջեն կորակեմ որպես անարդյունավետ բյուջե»,- 168 TV «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Սուրեն Պարսյանը՝ նշելով, որ այս բյուջեն Ազգային ժողովում կընդունվի այնպես, ինչպես 2019 թվականինը։

Անդրադառնալով 4.9 տոկոս տնտեսական աճին՝ Սուրեն Պարսյանը նշեց, որ այն շարքային քաղաքացուն որևէ բան չի տալու։

«Քաղաքացին այդ 4.9 տոկոսը չի զգա. այդ աճն ապահովող ոլորտներն ու աճի բաշխվածությունը հստակ ներկայացված չէ»,- ասաց  Պարսյանը։

Տնտեսագետը նկատեց, որ Կառավարությունը քայլեր ձեռնարկել է ստվերի դեմ պայքարի ուղղությամբ, ինչը երևում է հատկապես մանրածախ և մեծածախ առևտրում։

«Սակայն մենք դրանով որևէ կարևոր մրցակցային խնդիր չենք լուծել, մեր շուկաներում հիմա էլ կան մենաշնորհներ և գերիշխող դիրք ունեցողներ: Օրինակ, բենզինի շուկայում շարունակում են գերիշխող դիրք ունենալ «CPS» և «Ֆլեշ» ընկերությունները, Սամվել Ալեքսանյանն էլ, որը հեղափոխությունից հետո 2018 թվականի մայիսին «Ալեքս Գրիգը» բաժանեց 8 ընկերությունների, շարունակում է մնալ գերիշխող դիրքում։ Այս կառավարությունը որևէ ակնհայտ արդյունքի այս հարցում չի հասել. մեզ մոտ շարունակում են մնալ մենաշնորհները, որոնք շուկայում բավականին լուրջ վերահսկողություն են իրականացնում»,- ասաց  Պարսյանը։

Խոսելով  բյուջեի մուտքերի մասին՝ Պարսյանը նկատեց, որ, թեև 2019 թվականի 9 ամիսների կտրվածքով ունենք 21 տոկոսով հարկերի լրացուցիչ հավաքագրում, որը պայմանավորված է ոչ միայն ստվերի կրճատմամբ կամ, ինչպես ասում են՝ Բաղրամյան 26 տարված ճամպրուկների օրինականացմամբ, այլ նաև հարկային դրույքաչափերի բարձրացմամբ։

«Այդ ճամպուկների վերադարձը կապում են նաև այդ գումարները ստվերից  դուրս բերելու հետ, բայց թե այդ կրճատումը քանի՞ տոկոս է, չենք կարող ասել։ Ընդհանուր առմամբ՝ այս կառավարությունը ձախողել է իր կապիտալ ծախսերի ծրագրերը, եթե դրանք իրականացվեին ամբողջ ծավալով՝ մեր ՀՆԱ-ն ավելի կաճեր»,- ասաց Պարսյանը՝ նշելով, որ այն, որ հեղափոխությունից 1.5 տարի անց չկա «Սաշիկի 50/50-ի» կամ «Բաղրամյան 26 տարված ճամպրուկների» վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած որևէ դատական վճիռ, վկայում է այն մասին, որ օրվա իշխանությունը խնդիրները լուծում է քաղաքական դաշտում։

Խոսելով  կառավարության կողմից հաճախակի թմբկահարվող կոռուպցիայի դեմ պայքարի մասին՝ տնտեսագետը նշեց.

«Օրինակ՝ 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված էր կառուցել 450 կիլոմետր ճանապարհ։ Նրանք հիմա նախատեսել են կառուցել 330 կիլոմետրը, որից 80 կիլոմետրի պատվերը տվել են մեկին՝ առանց մրցույթի։ Հիմա կոռուպցիոն ռիսկը հո պոզով-պոչով չի՞ լինում. եթե դու առանց մրցույթի մեկին 80 կիլոմետր կառուցելու պատվեր ես տալիս, հենց սա է կոռուպցիոն ռիսկը։ Այս իշխանությունները կռիվ են տալիս նախորդների հետ այս դաշտում, տենդերներում խտրականություն են դնում այն մարդկանց միջև, որոնք կապ ունեն նախորդների հետ, ինչը սխալ է»։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել