ՀՀ - ՌԴ հարաբերություններում առկա տարաբնույթ վայրիվերումների ֆոնին, Երևան այցի նախորդ օրը ՌԴ արտգործնախարարը հարցազրույց տվեց «Մեդիամաքս» գործակալությանը:

Բնական է, որ հարցազրույցում արտահայտված ցանկացած միտք մանրակրկիտ հաշվարկված է, և որևէ խոսք կամ բառ պատահական չէ ընտրված: Այստեղ շատ կարևոր է, երբևէ Լավրովի հարցազրույցը չդիտարկել մեր իշխանությունների հանրային խոսքի մշակույթի, իսկ ավելի ճիշտ՝ դրա բացակայության համատեքստում: Կրկնեմ՝ ՌԴ արտգործնախարարի հարցազրույցում պատահական մտքեր չկան…

Հարցազրույցը մտորելու բավականին տեղիք է տալիս:

1. Որքանո՞վ են բնական ու անկեղծ մեր իշխանությունների վերաբերյալ այդչափ դրական գնահատականները, և արդյո՞ք դրանք ընդամենը այցին նախորդող էթիկայի դրսևորման օրինակ են:
Այս հարցի պատասխանը, կարծում եմ, յուրաքանչյուրս կարող ենք տալ՝ ընդամենը հիշելով հայ- ռուսական հարաբերությունների վերջին մոտ 1.5 տարվա դինամիկան:
Ամեն դեպքում, եթե Լավրովն անկեղծ է իր գնահատականներում և /կամ/ լուծում է էթիկայի հարց՝ միանշանակ ողջունելի է:

2. Ւսկ եթե նման կեցվածքը իշխանությունների հանդեպ ա՞յլ նպատակ ունի, ապա հարց. ի՞նչ նպատակ: Ւ՞նչ գին է պատրաստվում ներկայացնել ռուսական կողմը մեր իշխանություններին նման գերդրական ֆոնի կամ իշխանություններին ու անձամբ վարչապետին տրվող նման քարտ - բլանշի /կամ առնվազն՝ դրա իմիտացիայի/ ներքո: Եվ մեր իշխանությունները պատրա՞ստ են վճարելու այդ գինը:

Այս ամենի համատեքստում, բավականին հետաքրքիր է Լավրովի հարցազրույցի Ղարաբաղյան կարգավորման գործընթացին վերաբերող հատվածը:

Մեջբերում. «…Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հարցին, ապա այն ամենադժվարներից է: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարները բազմիցս հայտարարել են, որ կարգավիճակը պետք է որոշվի բանակցությունների ընթացքում՝ քաղաքական ճանապարհով, պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության հիման վրա: Այդ աշխատանքի պարամետրերը, ներառյալ կազմակերպչական ասպեկտները, կողմերը դեռ պետք է համաձայնեցնեն: …»:

Մեկ անգամ ևս՝ ուշադիր լինենք հետևյալ հատվածին.

«… կարգավիճակը պետք է որոշվի բանակցությունների ընթացքում՝ քաղաքական ճանապարհով, պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության հիման վրա: Այդ աշխատանքի պարամետրերը, ներառյալ կազմակերպչական ասպեկտները, կողմերը դեռ պետք է համաձայնեցնեն…»:

Արժե մտապահել նաև՝ «հիման վրա» և «բանակցությունների ընթացքում» եզրույթները և լրացուցիչ բարդության ներկայացումը՝ «պարամետրերը, ներառյալ կազմակերպչական ասպեկտները»:

Լավրովը հղվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների բազմիցս արված հայտարարություններին:
Հիշեցնենք, որ առաջինը դրանցից արվել է Աքվիլայում, որն էլ դարձել է պայմանական սկզբնաղբյուր, հաջորդող հայտարարությունները հղվել են Աքվիլային:

Հիմնարար սկզբունքների ներկայացման նախաբանի և Կարգավիճակին վերաբերող հատվածները մեջբերենք ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ղեկավարների Աքվիլայի 2009 թվականի հուլիսի 10- հայտարարությունից.

«… Հիմնարար սկզբունքներն արտահայտում են խելամիտ փոխզիջում, որը հիմնված է Հելսինկյան եզրափակիչ ակտի ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և հավասար իրավունքների ու ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների վրա:
Հիմնարար սկզբունքները մասնավորապես կոչ են անում.…»

« …Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հետագա որոշում իրավականորեն պարտադիր բնույթ կրող կամարտահայտման միջոցով… »…

Այժմ ընդամենը համեմատեք.
1. Աքվիլա - «Հիմնարար սկզբունքները մասնավորապես կոչ են անում. Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հետագա որոշում իրավականորեն պարտադիր բնույթ կրող կամարտահայտման միջոցով»:
2. Լավրով - «կարգավիճակը պետք է որոշվի բանակցությունների ընթացքում՝ քաղաքական ճանապարհով, պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության հիման վրա: Այդ աշխատանքի պարամետրերը, ներառյալ կազմակերպչական ասպեկտները, կողմերը դեռ պետք է համաձայնեցնեն»:

Մի դեպքում - կարգավիճակի որոշում՝ պարտադիր բնույթ կրող կամարտահայտման միջոցով (Աքվիլա),
մյուս դեպքում- կարգավիճակի որոշում՝ բանակցությունների ընթացքում՝ քաղաքական ճանապարհով, պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության հիման վրա (Լավրով):

Տարբերությունը պա՞րզ է: Ուղղակիորեն - միջոցո՞վ, թե՞ հիման վրա, այն էլ՝ (նորից կամ լրացուցիչ) բանակցությունների միջոցով …

Եզրակացություն.

Լավրովի Երևանյան առաքելությունը կապված է Ղարաբաղյան կարգավորման գործընթացի վերը նշված տարբերակով առաջմղման հետ (ում ճաշակին ավելի մոտ է օգտագործել «Լավրովի պլան» եզրույթը- ուրեմն՝ Լավրովը պաշտոնական Երևանին է ներկայացնում իր իսկ անունով պլանի մեզ համար եղածից էապես ավելի վատ վերախմբագրված տարբերակը):
Սա է պատճառը, որ «բլիթների» պակաս առանձնապես չի զգացվում: Մեկ «բլիթի բույր» էլ առկա է հարցազրույցի հայ- թուրքականին վերաբերող հատվածում…

Իսկ «մտրակները» որևէ տեղ չեն անհետացել, ուղղակի խնամքով պահված են…

Եվ այս իրավիճակն ուղղակի արդյունքն է իշխանությունների արտաքին քաղաքականության, ավելի ճիշտ՝ դրա բացակայության, ինչես նաև՝ Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ որևէ ռազմավարության բացակայության:

Լավրովի այցի արդյունքներով, որոնց մի մասն իրենց զգալ կտան ոչ անմիջապես, հարկ կլինի թեմային նորից անդրադանալու…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել