Փետրվարի 19-ին Դսեղում Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառմանը հանրության ուշադրությունից չէր վրիպել, որ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Թումանյանի հայտնի քառյակը ընթերցել էր թղթից, որից հետո խոստովանել էր, որ Հովհաննես Թումանյանի քառյակն անգիր չգիտի։

Մեջբերեմ. «Ես ունեմ ռուսական կրթություն։ Իմ բացասական փորձառությունից եմ ասում` շատ վատ է դասավանդվել մեր դպրոցում հայ գրականությունն ու հայոց լեզուն, դրա համար եմ ես պայքարում ազգային դպրոցի ու հայալեզու կրթության համար, որպեսզի մեր աշակերտներն անգիր ասելիս այսուհետ խնդիր չունենան»,- ասել էր Հարությունյանը։

Իսկ այժմ արդեն աշխատանքային քննարկման է դրված «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագիծը, ըստ որի` «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Պատմություն» առարկաները պարտադիր չեն լինելու ոչ մասնագիտական ֆակուլտետների ուսանողների համար։

Առնվազն տրամաբանական է, որ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը անթույլատրելի է համարում սեփական հայրենիքի պատմության և սեփական ժողովրդի էության հիմք հանդիսացող արժեքների նկատմամբ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի նման վերաբերմունքը և պահանջում է վերջինիս հրաժարականը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել