Հայտարարություն․ «Ադեկվադ» միաբանությունն իր զորակցությունն է հայտնում ԿԳՄՍ նախարարի դեմ բողոքող երիտասարդներին
Վերջին օրերին հասարակության ստվար շերտերի մոտ բուռն արձագանք են առաջացրել ԿԳՄՍ նախարարության մի շարք քայլեր ու որոշումներ, որոնք բերել են նրան, որ այսօր արդեն երիտասարդական տարբեր կազմակերպություններ իրենց ընդվզման և անհամաձայնության խոսքն են ասում փողոցում։
«Ադեկվադ» միաբանությունը կիսում է այն մարդկանց մտահոգությունները, ովքեր լուրջ ռիսկեր են տեսնում ԿԳՄՍ նախարարության քաղաքականության մեջ։ Չի կարելի ունենալ հզոր ազգային պետություն, եթե կրթական ծրագրում արհեստականորեն նվազեցվում է հայոց լեզվի, Հայ առաքելական եկեղեցու պատմության դերը։ Չի կարելի դաստիարակել առողջ սերունդ, եթե պետական միջոցների ներգրավմամբ քարոզվում է մեր արժեհամակարգային կոդը մերժող վարք։ Չի կարելի արդյունավետ ղեկավարել Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող այս պետական կառույցը, երբ պետական միջոցների անհարկի վատնումներն այդ մարմնում դարձել են առօրյա լրահոսի անբաժանելի մաս։
Ըստ այդմ, «Ադեկվադ» միաբանությունն իր զորակցությունն է հայտնում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող երիտասարդներին։ Օրվա իշխանությունները պետք է հաշվի նստեն այն հանգամանքի հետ, որ իրենք հաշվետու են հայ ժողովրդի առջև, և մարդիկ իրավունք ունեն պատասխաններ պահանջելու նրանց ձախողումների դեպքում։
Թերևս, պետք է հավելել, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այս բոլոր խնդիրների միակ ու նույնիսկ գլխավոր հասցեատերը չէ։ Արայիկ Հարությունյանն ունի վերադաս՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, որը ասպարեզ է բերել Արայիկ Հարությունյանին, որը նշանակել է նրան ԿԳ, իսկ հետո՝ ԿԳՄՍ նախարարի պաշտոնին և որը ջանք ու եռանդ չի խնայում իր պրոտեժեին պաշտպանելու հարցում, և դա անելով՝ նա չի խորշում հեգնական ու քամահրական տոն օգտագործելուց առ բողոքի իրենց արդար ձայնը բարձրացնող հասարակության շերտերը։ Հենց Նիկոլ Փաշինյանն է ստեղծված իրավիճակի գլխավոր պատասխանատուն ու բողոքների գլխավոր հասցեատերը։