AntiFake.am-ը գրում է.

Հոկտեմբերի 29-ին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը, անդրադառնալով հարցին, թե հրաժարական ներկայացրած Կենտրոնի արդեն նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանի հետ քաղաքապետարանում խնդիրներ եղե՞լ են, և նա քաղաքապետի կողմից նկատողություն ստացե՞լ է, նշել է, որ որևէ մեկին նկատողություն չի տրվել, լուրերն իրականությանը չեն համապատասխանում:

Սակայն փոխքաղաքապետը ստում է, քանի որ նախքան հրաժարական տալը Վիկտոր Մնացականյանին քաղաքապետը ենթարկել էր կարգապահական տույժի՝ գրավոր նկատողության։

Դրա վերաբերյալ «Փաստինֆո»-ի տեղեկությունները հաստատել են Երևանի քաղաքապետարանից։

Այսպես՝ «Փաստինֆո»-ն գրավոր դիմել էր Երեւանի քաղաքապետին՝ խնդրելով հայտնել` արդյոք վերջին կես տարվա ընթացքում Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանի նկատմամբ կարգապահական տույժ կիրառվե՞լ է, թե՞ ոչ, ինչին քաղաքապետարանից դրական պատասխան են տվել։

«Երևանի քաղաքապետի հոկտեմբերի 2-ի համապատասխան կարգադրությամբ աղբամանների փոխարինման աշխատանքները պատշաճ չկազմակերպելու համար, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանի նկատմամբ կիրառվել է նկատողություն կարգապահական տույժը»,- նշված է քաղաքապետարանի գրավոր պատասխանում»։

«Ի դեպ, նշենք, որ Վ. Մնացականյանը միակ վարչական շրջանի միակ ղեկավարն է, որը այս տարվա ընթացքում ենթարկվել է կարգապահական պատասխանատվության»,- նշված է «Փաստինֆո»-ի հրապարակման մեջ։

Այսպիսով՝ կարող ենք փաստել, որ Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը հոկտեմբերի 29-ին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ստել է՝ ասելով, որ Վիկտոր Մնացականյանին նկատողություն չի տրվել։

Հիշեցնենք, որ նկատողությունը որպես կարգապահական տույժ կիրառելուց օրեր անց՝ հոկտեմբերի 24-ին, Վիկտոր Մնացականյանը հայտարարեց աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնելու մասին։ Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ հրաժարական տալու որոշումը կայացրել է, քանի որ ցանկանում է զբաղվել քաղաքային հիմնախնդիրների խորքային ուսումնասիրությամբ։ Վիկտոր Մնացականյանը շնորհակալություն էր հայտնել ՀՀ վարչապետին, քաղաքապետին, Երևանի գլխավոր ճարտարապետին, իր գործընկերներին ու թիմակիցներին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել