ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 4-ին հանդիպել է պաշտոնական այցով եւ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի միջոցառումների շրջանակում Հայաստանում գտնվող Տաջիկստանի Հանրապետության Մաջլիսի Օլի Մաջլիսի նամոյանդագոնի նախագահ Շուկուրջոն Զուխուրովի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, Արարատ Միրզոյանը, ողջունելով Շուկուրջոն Զուխուրովին, ընդգծել է, որ Հայաստանը շահագրգիռ է խորացնելու հայ-տաջիկական հարաբերությունները բոլոր ուղղություններով՝ ելնելով երկու երկրների փոխադարձ հետաքրքրություններից եւ շահերից: Նա նշել է, որ երկկողմ հարաբերությունների ձեւաչափում առանցքային դեր է զբաղեցնում խորհրդարանական բաղադրիչը՝ գոհունակություն հայտնելով Հայաստան-Տաջիկստան խորհրդարանական բարեկամական խմբերի գործունեության ակտիվության  կապակցությամբ:

ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է Հայաստանի եւ Տաջիկստանի պատվիրակությունների արդյունավետ համագործակցությունը միջազգային խորհրդարանական կառույցներում, մասնավորապես ԱՊՀ ՄԽՎ-ում եւ ՀԱՊԿ ԽՎ-ում:

Շուկուրջոն Զուխուրովը, շնորհակալություն հայտնելով պաշտոնական հրավերի եւ ջերմ ընդունելության համար, նշել է, որ հայ եւ տաջիկ ժողովուրդների միջեւ պատմականորեն ձեւավորված են բարեկամական հարաբերություններ: Նա բարձր է գնահատել Տաջիկստանում հայ համայնքի դերը եւ գործունեությունը: Շուկուրջոն Զուխուրովը հույս է հայտնել, որ մի շարք ոլորտներում հարաբերությունների խորացման մեծ ներուժ կա՝ հատկապես տնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ինչպես նաեւ մշակութային երկխոսության շրջանակում:

Կողմերն ընդգծել են երկու երկրների միջեւ առկա հարաբերությունների դրական դինամիկան եւ հույս հայտնել, որ տնտեսական ներուժը ճիշտ կիրացվի:

Քննարկվել է նաեւ միջազգային տարբեր ձեւաչափերում երկկողմ եւ բազմակողմ համագործակցության օրակարգը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել