Բարձրագույն կրթության մասին օրենքի նոր նախագծի համաձայն՝ հայոց լեզու առարկան բուհական ծրագրում դառնալու է ոչ պարտադիր, ասել է թե՝ երկրորդական մի բան:
Բավականին ժամանակ է, ինչ բուռն քննարկվում է այս հարցը՝ թեր և դեմ կարծիքների թեժ բախումներով:
Եթե փաստարկումների տեսանկյունից նայենք, նախարարությունը որոշակի ճիշտ դիտարկումներ անում է՝ նշելով, որ մարդը 12 տարի հայոց լեզու է սովորում դպրոցում, հետո համալսարանում դրա կարիքը չկա. փոխարենը կարող է մասնագիտական առարկաներ սովորել: Սակայն սա միակողմանի և շատ մակերեսային պատկերացում է:
Նախ, այն ծրագիրը և չափորոշիչները, որոնցով դպրոցում ուսուցանվում է հայոց լեզու առարկան, մեղմ ասած, խայտառակություն է: 12 տարի հայաստանցի երեխան սովորում է զանազան քերականական կանոններ, սահմանումներ, խորին տքնանքով 9-րդ դասարանում հանձնում է քննությունը, այնուհետև ավելի խայտառակ հարցադրումներով մի ահազարհուր թեստային փորձություն է անցնում, որ կոչվում է պետական ավարտական քննություն, որը ոչ մի կապ չունի հայոց լեզվին տիրապետելու, լեզվական որոշակի հմտության տիրապետելու հետ: Եվ մի պարզ փաստ. աշակերտներն անգլերենից ավելի բարձր արդյունքներ են գրանցում, քան հայերենից: Դե արի ու բացատրիր, որ սա քո լեզուն է, պետք է սիրել այն և նմանատիպ այլ կենացախառը խոսքեր, որոնց ի դեպ, նախարարը խւստ հեգնանքով է վերաբերվում...
Խնդիրն այստեղ բավականին լուրջ է: Դպրոցը չի լուծում սեփական լեզվին լիարժեք տիրապետելու հարցը, իսկ համալսարանից էլ նախարարության թեթև ձեռքով այն հանվում է. բայց չէ՞ որ ցանկացած մասնագետ կարիք ունի մասնագիտական խոսքի, չէ՞ որ ուսանողը ռեֆերատներ է գրում, կա մասնագիտական բառապաշար յուրացնելու խնդիր, չէ՞ որ շատերը հետագայում գիտական աշխատանքով են զբաղվելու...
Նախ, եթե ուզում ենք բուհերում հայոց լեզվի դասավանդումը դարձնել ոչ պարտադիր կամ ընդհանրապես հանել, պետք է դպրոցը հիմնավորապես լուծի աշակերտի՝ լեզվին տիրապետելու հարցը, իսկ ավագ դպրոցը այս հարցը դեռևս չի լուծում և ապագայում էլ չի նշմարվում լուծումը...
Երկրորդ՝ այն, ինչ այժմ դասվանդվում է բուհերի մեծ մասում «հայոց լեզու» անվան տակ, ոչ մի ուսանողի էլ պետք չէ: Բուհերում նորից սկսվում է նույնը: Ուսանողը գալիս է համալսարան և սկսում սովորել բաղաձայնի տեսակները, ածանցների դասակարգումը, ածականի ու դերբայի տեսակ է յուրացնում, որը, բնականաբար, ոչ մի աղերս չունի տնտեսագետի, իրավաբանի, կենսաբանի կամ մեկ այլ՝ ոչ բանասիրական մասնագիտության հետ: Բուհերում պետք է դասավանդվի մասնագիտական լեզու, խոսքի մշակույթ կամ գործնական հաղորդակցություն առարկաները, ոչ թե քերականություն: Գրագետ մարդը պետք է տիրապետի մասնագիտական խոսքին, կարողանա լեզուն դարձնալ իր աշխատանքային, սոցիալական, ինքնաիրացման գործիքը, ձևավորի ԼԵԶՄԱՏՄԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ...
ԵՊՀ ժամանակակից հայոց լեզվի ամբիոնը որոշակի քայլեր արել է այս ասպարեզում: Օրինակ՝ իրավանաբական ֆակուլտետում անցնում են իրավաբանական լեզու, գրվել է խոսքի մշակույթի դասագիրք: Սա պետք է օրինակ դառնա նաև մյուս բուհերի համար, և բոլոր ֆակուլտետներում ուսանողին սովորեցնեն կարևոր, կիրառական նշանակություն ունեցող բաներ, ոչ թե քննությունը հաղթահարելու և անմիջապես մոռանալու համար նախատեսված անպետք կանոններ, ինչը, ցավոք, մեծավ մասամբ շարունակվում է:
Այնպես, որ նախարարությունը, հապճեպ որոշումներ անելու փոխարեն, լավ կլինի մի փոքր հետազոտություն անի, պարզի առկա խնդիրները, դրանց համար լուծման եղանակներ գտնի, թե չէ մի օր էլ դպրոցներում կարգելի հայոց լեզվի դասավանդումը՝ պատճառաբանելով, որ ծնվելուց համարյա մեկ տարի անց երեխան խոսում է մայրենի լեզվով, ինչ կարիք կա դպրոցում այն անցնելու:
Հ.Գ. Ռազմահայրենասիրական պաթետիկ ձևակերպումներից զատ՝ լեզուն մտածողության ձևավորման կարևորագույն միջոցներից է, մարդու ինքնաիրիացման, մասնագիտական դաշտում, հասարակության մեջ իր տեղը գտնելու կարևոր գործիքներից մեկը: Հետևաբար, ցանկացած մասնագետի համար էլ կարևոր է դրա ճիշտ, արդյունավետ, կիրառական նշանակությամբ ուսուցումը: