Tert.am-ը գրում է.

Արցախի Հանրապետության ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Վահրամ Բալայանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով 2020-ին կայանալիք ԱՀ նախագահական ընտրություններին՝ նշեց, որ միասնական թեկնածուի առաջարկով հաջորդ շաբաթվանից կսկսեն խորհրդակցություններ երկրորդ փուլը՝ իրենց գաղափարներն իրականացնող համատեղ թեկնածուների հետ և կփորձեն հասարակության գոնե մի հատվածը կոնսոլիդացնել որոշակի գաղափարների շուրջ: Վահրամ Բալայանն անդրադառնալով կոալիցիոն թեկնածու ունենալու տարբերակին, նշեց, որ ՀՅԴ-ն իր հայտարարության մեջ դեռևս օգոստոսի 29-ին ասել է, որ ունենալու է իր թեկնածուն։ «Բայց դա կարող է լինել կուսակցական, կարող է լինել նաև անկուսակցական: Անկուսակցական ասելով նկատի ունեմ, որ մենք լինենք նրա քաղաքական  հենարանը, դրա մեջ վատ բան չեմ տեսնում»,- ասաց նա:


- Պարո՛ն Բալայան, Դուք նշել էինք, որ Արցախում 2020-ին կայանալիք նախագահական ընտրություններին ՀՅԴ-ն միասնական թեկնածուի առաջարկով պետք է քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների երկրորդ փուլ սկսի, ի՞նչ փուլում է գործընթացը:  

- Մենք առաջին փուլն ավարտել ենք, և այն կուսակցությունները, որոնք արդարադատության նախարարությունում գրանցված են, մենք նրանց հետ բանակցել ենք այն սկզբունքների շուրջ, թե ընդհանրապես 2020-ի  ընտրություններն ինչ ձևով պետք է լինեն և ընդհանրապես նախագահը 2020-ին ընտրվելու պարագայում օրակարգում ինչ առաջնահերթ խնդիր կունենա: Այդ հարցերը քննարկել ենք և այդ փուլը հաջողությամբ անցել ենք ու նաև հայտարարությամբ հանդես ենք եկել, որ դա ավարտել ենք: Հիմա հաջորդ շաբաթվանից մենք կսկսենք նաև կոնսուլտացիաները այդ գաղափարները համատեղ իրականացնող թեկնածուների հետ և կփորձենք գոնե հասարակության մի հատվածը կոնսոլիդացնել որոշակի գաղափարների շուրջ, որպեսզի չթողնենք հասարակությունը բաժան-բաժան լինի, որովհետև վերջիվերջո մենք փոքր երկիր ենք, ցավոք սրտի, ժողովրդի թվաքանակով, տարածքով և մեզ համար անչափ կարևոր է մեր միասնականությունը պաշտպանել և պետության հետ կապված խնդիրներում ներգրավել հասարակության լայն շերտերի  և համախոհուն լուծումներ ապահովել: 

- Արդեն իսկ քննադատում են ձեր նախաձեռնությունը և ասում, որ դա ժողովրդավարության սկզբունքներից չի բխում, և միասնական թեկնածու ունենալով փորձում եք այս անգամ ևս կանխատեսելի դարձնել  ընտրությունների արդյունքները:  

- Մենք, իհարկե, դեմ ենք այս նոր ընդունված Սահմանադրությանը, որ նախատեսվում է անցկացնել խորհրդարանական և նախագահական ընտրությունները մեկ օրում, բայց ժողովրդի 90 տոկոսն այդ Սահմանադրությանը կողմ է քվեարկել, այսինքն՝ մենք պարտավոր ենք Սահմանադրության այդ դրույթներն իրականացնել կյանքում: Խնդիրը հետևյալի մեջ է, որ  կամա, թե ակամա այդ կուսակցությունները ձգտում են նաև նախագահի թեկնածու ունենալ և պատկերացրեք այսօր 22 կուսակցություն կա՝ գրանցված Արդարադատության  նախարարության կողմից, մի երեք-չորս նախաձեռնող խմբեր կան, արդյունքում մենք կունենանք 25-26 կուսակցություն և դրանցից կարող է 15-20 նախագահի թեկնածու, այսինքն՝ տրամաբանություն չկա դրա մեջ, հետևաբար մենք ստիպված ենք այդ ճանապարհով գնալ: Բայց այստեղ մեկ ուրիշ խնդիր ևս կա ...  հարց է առաջանում վերջիվերջո  քաղաքական կուսակցություններն ինչի՞ համար են. նրա համար են, որպեսզի գաղափարներ ձևավորեն և մատուցեն ժողովրդին, եթե հանրությունը դա չի ընդունում, դա այլ հարց է, բայց մենք պարտավոր ենք այդ գաղափարները ձևավորենք և հանրությանը մատուցենք, եթե օգտավետ է, կարծում եմ հանրությունը կգնա այդ հարցերի շուրջ կոնսոլիդացիայի: Այն մարդիկ, եթե այլ ակնկալիքներ ունեն, նրանք էլ ավելի շատ են նման բաների մասին խոսում: Հետո մեկ ուրիշ հանգամանք էլ կա. ասեմ, որ, ցավոք, կան հակադաշնակցական ուժեր և անհատներ, որոնք ամեն կերպ փորձում են սևացնել Դաշնակցությանը, եթե համացանցում նայեք, ակնհայտ երևում է, դրանք մարդիկ են, ովքեր այստեղից, այնտեղից փող են ստանում, հազար ու մի ծրագրեր  ունեն և անպայման ուզում են ազգային ուժին խփել, սա էլ կա, և  դրանց մի մասի գնահատականը դրանցով է պայմանավորված:

- Այո՛, կան նման գնահատականներ, կոնկրետ  ՀՅԴ-ի և ձեր նախաձեռնության վերաբերյալ, որ հաշվի առնելով, որ չեք կարողանում սեփական թեկնածուի հարցում կողմնորոշվել  և Արցախում ձեր ունեցած վարկանիշը բավարար չէ ընտրական շեմը հաղթահարելու համար, նման նախաձեռնություն եք սկսել:

- Մենք ունենք մի քանի թեկնածուներ, որոնք լավագույնս  կղեկավարեն այս երկիրը՝ իրենց անցած ճանապարհով, իրենց փորձով, իրենց թողած գործով և ներկայացնելով կազմակերպված ուժ, այսինքն՝ այսպես  թե այնպես մենք նման խնդիր չունենք, որ մենք  թեկնածու չունենք և դրա համար ստիպված ենք: Մենք հարյուրավոր ընկերներ ունենք, ուրեմն չե՞ք կարողանում այդքանի մեջ մեկին գտնել, իրականում այդպես չէ: Վերջիվերջո  մեր անցած ճանապարհը պետականաշինությանն է ուղղված եթե ուսումնասիրեք և տեսնեք, որ այս պետության հիմքերը մենք դրեցինք ժողովրդի օժանդակությամբ, օգնությամբ, առաջադեմ ուժերի օժանդակությամբ: Մենք եղել ենք այն ուժը, որը հանգիստ փոխանցել է  իշխանությունը, և այդպես չի եղել, որ ատամներով, ամեն ձևով փորձում ենք կառչած մնալ աթոռին: Մենք ունենք մեկ խնդիր՝ ունենալ նորմալ զարգացող երկիր, որտեղ հայ մարդը անվտանգ կապրի, այս խնդիրը պետք է փորձենք լուծել և այդ ճանապարհով ենք մենք գնում և ոչ ոք, կարծում եմ, ի վիճակի չէ մեզ մեր ճանապարհից շեղել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել