Tert.am-ը գրում է.

«Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի և Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի դեմ հարուցված գործերին, ասաց, որ այս ամենը Սահմանադրական դատարանի նախագահի դեմ է ուղղված, նաև շատ բացասական ազդակ է միջազգային հանրությանը․միջազգային գործընկերները Հայաստանն այլևս չեն դիտարկում որպես լիարժեք իրավական և ժողովրդավարություն։

«Գործադիր իշխանությունը, օրենսդիր իշխանությունը՝ ի դեմս առաջին դեմքերի, մշտապես հայտարարում է, որ Սահմանադրական դատարանի այս կազմը, այդ թվում՝ նախագահը ենթակա են փոփոխության և այլ վիճակ չի հանդուրժվելու: Կարծում եմ` Արա Բաբլոյանի, Արսեն Բաբայանի դեմ իրականացվող այդ արհեստական գործընթացները պետք է դիտարկել այդ հայտարարությունների կոնտեքստում»,- ասաց Սիրանուշ Սահակյանը:


Հիշեցնենք, որ Արա Բաբլոյանը մեղադրվում է երկու հոդվածով: Առաջինը` 300 հոդվածով` իշխանության յուրացում, և 314-րդ հոդվածով՝ պաշտոնական կեղծիք: Նրա նկատմամբ խափանման միջոցը ընտրված է ստորագրություն չհեռանալու մասին: Իսկ Արսեն Բաբայանը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 314-րդ հոդվածի 1-ին մասով և ՔՕ-ի 300-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու մեջ: Արսեն Բաբայանի նկատմամբ խափանման միջոց է ընտրված կալանավորումը։

Ինչ վերաբերում է հետագա հնարավոր զարգացումներին, իրավաբանը նշեց. «Քանի որ տարվող գործընթացներն իրավական չեն, այլ՝ քաղաքական, ամեն կանխատեսում կարող է արվել: Եթե նույնիսկ կարճաժամկետ հաջողություն արձանագրեն իշխանությունները, ապա երկարաժամկետ գործընթացում վերջիններս պարտության են ենթարկվելու։ Նախ դժգոհություն և բացասական հանրային արձագանք է դրսևորվում և արմատավորվում է այն մոտեցումը, որ երկիրը իրավական չէ, իսկ իրավական արժեքները միշտ քաղաքական նպատակահարմարությանը ստորադասվում են: Դա շատ բացասական ազդակներ է ուղղում միջազգային հանրությանը, և գործընկերներն այլևս չեն դիտարկում երկիրը որպես լիարժեք իրավական և ժողովրդավարական։ Դա իր հետևանքներ է ունենում թե՛ միջպետական հարաբերություններում, թե՛ երկրի շուրջ ծավալվող արտաքին քաղաքական որոշումների կայացման գործընթացում»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել