Ամերիկացի զինծառայողները վերականգնել են Սիրիայի հյուսիս-արևելքում` Թուրքիայի սահմանից մի քանի կմ հեռավորության վրա գտնվող ալ-Կահտանիա և Ռումեիլան շրջանների նավթի հանքավայրերում պարեկային ծառայության իրականացումը․ խոսքն այն տարածքների մասին է, որտեղից նրանք ցուցադրաբար հետ քաշվեցին՝ փաստացի արտոնելով Թուրքիային՝ սկսելու «Խաղաղության աղբյուր» ռազմագործողությունը։
Իսկ մինչ այս ամերիկյան ռազմական միավորումները շարունակում էին պարեկային գործառույթ իրականացնել Դեյր Զոր նահանգի նավթի հանքավայրերի շրջանում, ինչպես նաև պահպանել ներկայությունը Սիրիայի հարավում՝ Հորդանանի և Իրաքի սահմանների մերձակայքում տեղակայված, ռազմավարական նշանակություն ունեցող ալ-Թանֆ ռազմաբազայում։
Վերոնշյալը թույլ է տալիս վստահ դատողություն անելու առ այն, որ, չնայած Վաշինգտոնից ամենաբարձր մակարդակով հնչած իրարամերժ հայտարարություններին, այդուհանդերձ, ԱՄՆ-ն դեռևս շարունակելու է որոշակի ներկայություն պահպանել նաև Սիրիայի հյուսիս-արևելքում՝ արդեն իր համար կարևորվող շրջաններում։ Իսկ շուրջ 20 օր տևած պայմանական հեռացումը նշված տարածքներից նույնպես կարելի է գնահատել որպես քրդերին ակնհայտորեն «քցելու» վառ ապացույց։