Վերջին շաբաթը, մեղմ ասած, բարենպաստ չէր մեր հարևանների համար։

Առաջին հարվածը․ ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգույի խոստումնալից այցն էր Հայաստան։ Նա իր խոսքով ապտակ հասցրեց մեր թշնամիներին՝ ասելով, որ ռուսական 102 ռազմակայանը կայունության երաշխավորն է կովկասյան տարածաշրջանում, և որը պատրաստ է ՀՀ ԶՈւ-ի հետ դիմակայել ծագող սպառնալիքներին։

Եվ այո՛, մեր երկկողմ ռազմական համագործակցությունը դինամիկորեն զարգանում է և խորացվում է տարեցտարի՝ ևս մեկ անգամ ամրապնդելով այն փաստը, որ Ռուսաստանի Դաշնությունն է մեր միակ իրական և հավատարիմ դաշնակիցը։

Երկրորդ հարվածը․ օրեր առաջ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ձայների մեծամասնությամբ
Հայոց ցեղասպանության ճանաչումն էր։ Շնորհակալություն այն 405 ներկայացուցիչներին, ովքեր կողմ են քվեարկել 296 բանաձեւին։

Շատ երկար տարիներ ճշմարտությունը մերժվել է, և հիմա այն ճանաչելու ճիշտ ժամանակն է։

Իհարկե, ցավալի է, որ ճշմարտության մասին սկսեցին խոսել այն ժամանակ, երբ բոլորիս աչքի առաջ ոճրագործությունը կրկնվեց, և կրկնակի ցավալի է, որ մեր ողբերգությունը գերտերության համար միայն քաղաքական խաղաթուղթ է Թուրքիային պատժելու համար։

Այնուամենայնիվ, մեզ մնում է միայն օգտվել քաղաքական իրադարձությունների դասավորվածությունից և սպասել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը։ Հուսանք՝ նա նույքան խելամիտ է, ինչքան այն 405 ներկայացուցիչները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել