Նոյեմբերի 1-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսի, ընթացող Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի հերթական նիստին ներկա գտնվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ողջունելով ՀՀ վարչապետի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Ամենայն հայոց կաթողիկոսն անդրադարձ կատարեց Գերագույն հոգևոր խորհրդի քառօրյա ժողովի օրակարգում ընդգրկված հարցերին և ներկայացրեց Գերագույն հոգևոր խորհրդի անդամներին: Վեհափառ հայրապետը կարևորեց նմանօրինակ հանդիպումները` խոսելու ինչպես եկեղեցական խնդիրների, այնպես և հայրենիքի առջև ծառացած մարտահրավերների և մեր ժողովրդին հուզող հարցերի վերաբերյալ:

Այնուհետև իր խոսքը ներկաներին ուղղեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Իհարկե, նման հանդիպումների կարիքը և անհրաժեշտությունը կա, գուցե ավելի հաճախ, քան տեղի է ունենում: Ընդհանուր առմամբ, իհարկե, ինչպես Վեհափառը նշեց, պետություն-եկեղեցի հարաբերությունների հետ կապված քննարկումները շատ կարևոր են, առավել ևս՝ նոր իրավիճակում և նոր պայմաններում, որ այսօր ունենք Հայաստանի Հանրապետությունում: Այդ պայմաններն ու հարաբերություններն ունեն բազմաթիվ նրբություններ, և ես հույս ունեմ, որ այսօր այդ նրբությունների կարևոր դետալներին մենք հնարավորություն կունենանք անդրադառնալու:

Ընդհանուր առմամբ, երբ ասվում է պետություն-եկեղեցի հարաբերություն, ես առաջին հերթին հասկանում եմ ոչ միայն և ոչ այնքան նյութական հարաբերությունների կարգավորումներ, չնայած դրանք էլ կարևոր և էական են, այլ առաջին հերթին հասկանում եմ քննարկում՝ մեր երկրում հոգևոր կյանքի, հոգևոր արժեքների և, ընդհանրապես, հոգևոր մթնոլորտի առումով…»,- նշեց ՀՀ վարչապետը: Իր խոսքում տիար Ն. Փաշինյանը կարևորեց հասարակության մեջ խնդիրների կարգավորումը փոխադարձ հարգանքի մթնոլորտում, բաց, անկեղծ, ուղիղ երկխոսության և քննարկումների միջոցով:

Այնուհետև ԳՀԽ անդամները հնարավորություն ունեցան ՀՀ վարչապետի հետ քննարկելու հայրենիքի կյանքը, Հայոց եկեղեցուն և աշխարհասփյուռ ժողովրդի հուզող զանազան խնդիրներ ու մարտահրավերներ: Մասնավորապես, անդրադարձ եղավ եկեղեցի-պետություն գործակցության արդյունավետության բարձրացմանը, հոգևոր կյանքի զորացմանը, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը, ազգային ինքնությանը, պատմական սրբավայրերի ու ժառանգության պահպանության և այլնին վերաբերող հարցերի:

Հանդիպման ավարտին Ամենայն հայոց կաթողիկոսը, իր գոհունակությունը հայտնելով հանդիպման առիթով, վերստին հաստատեց, որ Հայոց եկեղեցին ինչպես պատմության ընթացքում, այսուհետ ևս զորավիգ է լինելու հայոց պետականությանը` իր կարողությունների ներածին չափով նպաստելով հայրենիքի զորացմանը, աշխարհասփյուռ հայության բարօր կյանքի կերտմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել