Հայաստան պետության ներկայիս քաղաքական լիդերը՝ Նիկոլ Փաշինյանը, միանգամայն պատշաճ է գնահատել ԱՄՆ Կոնգրեսի 296 բանաձևը:
Կարծում եմ, որ ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման առիթով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անդրադարձը շատ արժանապատիվ և իրատեսական է․ «Ես ողջունում եմ ԱՄՆ Կոնգրեսի պատմական քվեարկությունը, որը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: 296 բանաձևը համարձակ քայլ է ճշմարտությանը և պատմական արդարությանը ծառայելու համար, որը նաև մխիթարում է Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած միլիոնավոր սերունդներին»:
Հայոց ցեղասպանության ճանաչման Կոնգրեսի բանաձևը որևէ գործնական քաղաքական ակտ կամ գործընթաց չի ենթադրում, որևէ ակնարկ չկա Ցեղասպանության հետևանքների մասին, նույնիսկ Ցեղասպանության զոհերի հայրենիքի կորստի և չկայացած արդարադատության մասին ակնարկ չկա: Այն, իհարկե, «մխիթարում է Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած միլիոնավոր սերունդներին», բայց ցեղասպանության կանխարգելումներին ծառայող արդարության վերականգնմանը չի օգնում: