«Հեղափոխությունները նման են շախմատային խաղի, որտեղ զինվորները կարող են կործանել թագավորին, փրկել կամ զբաղեցնել նրա տեղը»։
Պիեռ Բուաստ

Այս խոսքերից հետևություն ենք անում, որ, ցավոք, ինչպես շուրջ երկու դար առաջ, այնպես էլ այսօր զինվորների համար չորրորդ տարբերակը կարծես նախատեսված չէ՝ տապալել թագավորին և արդյունավետ ու արդար կառավարել։ Քանզի, երբ կոսմիկական արագությամբ զինվորից թագավոր ես դառնում, բնական է, ո՛չ թագավորելու փորձ ունես, ո՛չ անցած ճանապարհ, ոչ էլ արքային վայել ծագում, ուստի կլինես ավելի վատ թագավոր, քան անգամ նա, ում դեմ պայքարում էիր։

Ամեն անգամ Նիկոլ Փաշինյանը, կինն ու ավագ դուստրը ընկնում են պատմությունների մեջ՝ իրենց կարգավիճակին ոչ հարիր տեսքով, վարքուբարքով կամ պատեհ միջոցառումներին ներկայանալով ոչ պատեհ հագուստով։ Քննադատություններ նրանց հասցեին՝ որքան ասես, անգամ անպարկեշտության հասնող, բայց արդյո՞ք այդ քննադատություններն իրական հիմք չունեն։

Առհասարակ, աշխարհում, երբ մարդիկ հասնում են հանրահայտության, ասենք՝ աշխարհահռչակ դերասաններ, երգիչներ, շոու-բիզնեսի ներկայացուցիչներ ու լողում են շշմեցուցիչ փառքի ու փողերի մեջ, «իմիջմեյքերները» նրանց խորհուրդ են տալիս տարբեր առիթներով հանրությանը ցույց տալ, որ իրենք էլ են սովորական մարդիկ, որ մեծ փողերն ու հանրահայտությունը նրանց չեն դարձրել գերմարդ, վերջապես՝ շքեղ տները, բրենդային հագուստները, թանկարժեք ռեստորանները, ինչպես ասում են, պալատական փափուկ կյանքը, չի կոշտացրել նրանց հոգին, ուստի պարբերաբար նրանց ցույց են տալիս սովորական մարդուն բնորոշ կենցաղային իրավիճակներում։ Մի խոսքով, ինչպես կասեին մեր ավագ սերնդի ներկայացուցիչները, Լենին պապին էլ մանուկ է եղել, մեր նման պստիկ, ժիր ու սիրունիկ։ Նույնն է նաև տևական ժամանակ քաղաքական էլիտայի մեջ հայտնված, բարձրաշխարհիկ հասարակության կարկառուն ներկայացուցիչների պարագայում՝ անկախ նրանից՝ իշխանություն են, թե ընդդիմություն։ Նրանք պետական այրեր դարձած հայտնի գործիչներ են, մեծահարուստ, շատ ազդեցիկ ու համաշխարհային մակարդակի էլիտար գործիչներ (պամանականորեն ասած՝ Բիլ Քլինթոն կամ Սիլվիո Բերլուսկոնի)։

Բայց մեր պարագայում Նիկոլ Փաշինյանն ընդամենը վերջերս հասարակ ժողովրդի ծոցից ելել, փողոցից բարձր իշխանավոր է դարձել, նա դեռ չի էլ հարմարվել պետական բարձր դիրքին, միջազգային էթիկետին, խոսքի ու վարվելակերպի մեջ դիվանագիտական նրբերանգներին։ Նա «արքունիքում» պատահական մարդ է, ու դեռ երկար ժամանակ է հարկավոր, որ նա հղկվի, մինչև էլիտա դառնալու նշաններ ցույց տա։ Սակայն, ծանոթ լինելով Փաշինյանի հանրային կերպարին, դա գուցե նրա մոտ չստացվի էլ, առավել ևս, որ, դատելով վարչապետի գործելաոճից, նա շատ երկար չի մնա իր աթոռին, որ նրա հետ սերտաճի՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Ախր մենք հո բանվորագյուղացիական ԽՍՀՄ-ի արժեքների կրողը չե՞նք, որ մեր առաջնորդը 20-րդ դարի առաջին կեսի ժողովրդի ծոցից ելած Մացակը լինի, որն անգամ իր ժամանակներում էր ծիծաղելի։ Սա 21-րդ դարն է, անկախ Հայաստանը՝ ամենահամեստ հաշվարկով՝ չորսուկես տարվա քաղաքակրթություն ունեցող երկիր, ու այս ամենին հարիր առաջնորդ պետք է ունենանք։ Փաշինյանն այդ ե՞րբ դարձավ բարձրաշխարհիկ անձնավորություն, որ հիմա էլ ցույց է տալիս, թե ինքը կարող է ինչ-որ առիթներով սովորական մարդու կերպարում լինել։

Կամ էլ նրա կինը, որ աշխարհաքաղաքական այնպիսի խաղարարար առաքելություններ է ստանձնել, որ հաստատ իր «հագով» չէ։ Դրան զուգահեռ՝ Աննա Հակոբյանը հագնում է տեղական արտադրության հագուստներ ու հանրությանը ներկայանում, դրանով իսկ իր կարծիքով մեծ գործ է անում մեր համեստ բրենդների հանրահռչակման համար։ Բայց մի հարցնող լինի՝ այդ ե՞րբ է վարչապետի կինը դարձել աշխարհահռչակ բրենդների կրող լեդի, ե՞րբ է նրա ճաշակն այդքան նրբացել, ե՞րբ է ինքը դարձել մոդայի կամ էթիկետի կրող կամ թելադրող, որ երբ ինքը մի համեստ շոր հագնի, մեր հանրությունը փորձելու է նրան ընդօրինակել, որպեսզի նմանվի իր «տիրուհուն» (պայմանականորեն ասած՝ իրեն դրել է Էլեոնորա Ռուզվելտի կամ Կառլա Բրունիի տեղը)։

Ավագ դուստրը հանությանը անհամեստորեն դասեր է տալիս, դեռ իր դասերը չսովորած, փորձում է բարձրաշխարհիկ կյանքի մեջ թաղվածի կարգավիճակով մերթընդմերթ համեստ երևալ ու ներկայացնել, թե ինքն էլ է տեղական հագուստ կրում ու տեղական արտադրության ուտեստերից ու խմիչքներից օգտվում, այ այս կարգի համեստ «արքայադուստր» ունենք, իրեն՝ Իվանկա Թրամփի կամ Տատյանա Ելցինայի (Յումաշևայի) տեղը դրած։
Ճչացող ու իրենց կյանքին խիստ անսովոր շքեղությունների մեջ լող տալով, դրան զուգահեռ ցուցադրական համեստ երևալով՝ Փաշինյանները ոչ միայն պարբերաբար հայտնվում են զավեշտալի իրավիճակների մեջ, այլև մեր ազգն ու պետությունն են խայտառակ անում մեր ու աշխարհի աչքում։

Ինչպես ընդունված է ասել, մինչև չգա հետինը, չի հիշվի առաջինը։ Բայց մենք չենց ցանկանում երանի տալ նախկին ժամանակներին, այլ առաջ նայել ու անել ամեն ինչ, որպեսզի ամեն հաջորդը որակապես գերազանցի նախորդներին, այլապես մեր երկիրն առաջընթաց չի ունենա, կամ էլ պարբերաբար կընկնի ցնումների մեջ՝ տեղում հետուառաջ անելով։ Հատկանշական է, որ նախկին իշխանավորների դեպքում տասնամյակներ պահանջվեցին, որպեսզի իրականությունից ու հասարակությունից կտրվեին, իսկ նորերին մեկ տարին էլ բավական եղավ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել