BBC-ին տրված հարցազրույցը ամենախայտառակ հարցազրույցն է, որ Հայաստանի որեւէ պաշտոնյա երբեւէ տվել է որեւէ միջազգային կարևոր լրատվամիջոցի: Անթույլատրելի, ապազգային եւ ապապետական հայտարարություններ անող եւ Հայաստանը ոչ մի կերպ պաշտպանել չկարողացող արտգործնախարարը չի կարող ներկայացնել Հայաստանը: Այսօր նայեցի մինչև վերջ ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցը եւ չեմ կարող թաքցնել զայրութս: BBC-ի լրագրողն ավելի լավ գիտի Հայաստանն ու մեր տարածաշրջանը, քան ՀՀ ԱԳ նախարարը:

Հասկանո՞ւմ եք, ժողովուրդ ջան, ՀՀ ԱԳ նախարարը խեղճանում է BBC-ի հաղորդավարի հնչեցրած հարցերից եւ ասում․ «Արցախը տարածք է, որտեղ բնակվում են մեր հայրենակիցները»։

ՀԱՐՑ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին. Պարոն Մնացականյան, Արցախը տարա՞ծք է, թե՞ պատմական հայրենիք…

Ես միշտ եմ ասել՝ ուշադրություն դարձրեք Փաշինյան-Մնացականյան հարցազրույցներին, Արցախի հարցին անդրադառնալիս խոսում են արցախահայության անվտանգության ապահովման մասին միայն, իսկ նրանց «ինքնորոշվելու» իրավունքից երբեք չեն խոսում:

Հ.Գ. Պատահական չէ, որ Ադրբեջանում մեծ հույսեր են կապում Հայաստանի նոր իշխանությունների հետ: Փաշինյանը առիթը բաց չի թողնում Ալիեւին կոչեր հղելու, որպեսզի վերջինս բանակցի Արցախի հետ։ Փաստորեն, նա Ալիեւին ակնարկում է, որ եթե ուզում ես՝ Արցախը վերադառնա Ադրբեջանի կազմ, ուրեմն՝ պիտի բանակցես արցախցիների հետ, եւ բնական է, որ բանակցելու առարկան պիտի լինի ադրբեջանցիների կողմից արցախցիների անվտանգության երաշխիքների տրամադրումը Ադրբեջանի կազմ վերադառնալու դեպքում: Կարճ ասած՝ մեր նոր կառավարությունը Լեւոն Տեր-Պետրոսյանի ծրագիրն արդեն սկսել է իրագործել, Արցախը փուլ առ փուլ կհանձնեն Ադրբեջանին, հետո մեր միամիտ ժողովրդին դա կներկայացնեն որպես մեծ հաղթանակ՝ ասելով՝ տեսա՞ք, մենք այնպես արեցինք, որ Ադրբեջանը պարտավորվեց արցախցիներին չցեղասպանել, ու արցախցիները հանգիստ կկարողանան ապրել իրենց հողի վրա, ու ոչ ոք չի էլ հիշի, որ առանց այդ էլ Ադրբեջանը միշտ հայտարարել է, որ եթե Արցախը վերադառնա Ադրբեջանի կազմ, ապա ինքը պարտավորվում է ապահովել նրանց անվտանգությունը, ու դեռ ավելին ասեմ՝ Ադրբեջանը նույնիսկ հայտարարել է, որ Արցախին ինքնավար վարչական միավորի կարգավիճակ կտրամադրի իր կազմում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել