Մի պահ առաջնորդվենք խելահեղության կանխավարկածով և հավաստի համարենք Հատուկ քննչական ծառայության հաղորդագրության փաստական հանգամանքները. ինչ է ստացվում !
Հատուկ քննչական ծառայության կողմից առաջադրվում է մեղադրանքն առ այն, որ որոշ պաշտոնատար անձինք իրականացրել են ապօրինի գործողություններ՝ Հրայր Թովմասյանին 2005 թվականի սահմանադրական կարգավորումներին համապատասխան Սահմանադրական դատարանի անդամ, այնուհետև՝ Սահմանադրական դատարան նախագահ դարձնելու նպատակով (վարկած, որն ամբողջությամբ հերքվում է Արա Բաբլոյանի, Գագիկ Հարությունյանի և Առուշան Հակոբյանի վերջին հայտարարություններով)։
Անհրաժեշտ է ընգծել, որ, դեռևս, որևէ մեկին «ապօրինի գործողության» միջոցով Սահմանադրական դատարանի նախագահ դարձնելը բավարար չէ ՀՀ քրեական օրենսգրքի իմաստով իշխանություն յուրացնելու համար։
Այսպես՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածն իշխանության յուրացում է համարում բռնություն գործադրելու, այն գործադրելու սպառնալիքի կամ Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալը։
Այսինքն, քրեական հանցագործություն է համարվում ոչ թե որևէ մեկին «ապօրինի կերպով» կամ «օրենքի խախտմամբ» Սահմանադրական դատարանի դատավոր կամ նախագահը նշանակելը, այլ՝ Սահմանադրական դատարանի Սահմանադրությամբ նախատեսված լիազորություններին տիրանալը։
Իսկ ե՞րբ կամ ինչպե՞ս է հնարավոր Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալ։
Դա հնարավոր է երկու դեպքում.
1) որևէ այլ պետական մարմին կամ սուբյեկտ բռնության, դրա սպառնալիքի կամ Սահմանադրությանն ուղղակիորեն հակասող եղանակով տիրանում և սկսում է իրականացնել Սահմանադրական դատարանի լիազորությունները.
2) «ապօրինի կերպով» և «սահմանադրության խախտմամբ» Ազգային ժողովը նշանակում է Սահմանադրական դատարանի 5 (հինգ) դատավորների։
Դիցուք՝ պատկերացրեք՝ այսօր Ազգային ժողովը նշանակում է Սահմանադրական դատարանի հինգ նոր դատավորների, անկախ այն հանգամանքից, որ Սահմանադրական դատարանում դատավորի որևէ թափուր հաստիք առկա չէ։
Ինչու՞ միայն 5 (հինգ) դատավորի «ապօրինի կերպով» և «սահմանադրության խախտմամբ» նշանակումը կարող է հանդիսանալ իշխանության յուրացում, իսկ օրինակ՝ 3 կամ 4 դատավորների նշանակումը՝ ոչ։
Դա պայմանավորված է նրանով, որ Սահմանադրության 170-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրական դատարանի որոշումների ընդունման համար անհրաժեշտ է ընդհանուր թվի ձայների առնվազն մեծամասնություն, ինչը նշանակում է՝ առնվազն հինգ դատավոր։
Այսինքն, միայն մեկ դատավորի, այդ թվում՝ նախագահի «ապօրինի կերպով» և «սահմանադրության խախտմամբ» նշանակումը, նույնիսկ, եթե ճշմարտություն է, որևէ կերպ չի կարող հանդիսանալ իշխանության յուրացում, քանի որ այն բավարար չէ Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու համար։
Հ.Գ. Վերոնշյալը բավարար է, որպեսզի Արսեն Բաբայանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը մերժվի հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։