Մայիսի 27-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 21։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ստեփանավանի բաժնում «Ստեփանավան» բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ նկուղում վայր ընկնելու հետևանքով «Փակ գանգուղեղային տրավմա, գլխուղեղի ցնցում, դեմքի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ  բուժօգնության է դիմել մի երիտասարդ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը Լոռու մարզի բնակիչ 18-ամյա Ա․ Հ․-ն է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ա․ Հ․-ին մարմնական վնասվածքը պատճառել է Լոռու մարզի բնակիչ 17-ամյա Ե․ Գ․-ն, ժամը 17։00-ի սահմաններում Ստեփանավան քաղաքի Սուրբ Նշան փողոցում գտնվող նախկին զորամասի տարածքում՝ վիճաբանել և հարվածներ է հասցրել նրա դեմքին, որին ներկա են եղել Ա․ Հ․-ի ընկերներ՝ Լոռու մարզի բնակիչներ 16-ամյա Լ․ Բ․-ն, 16-ամյա Վ․ Ղ․-ն և 14-ամյա Կ․ Ս․-ն:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով նրանցից մեկը անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և կազմված փաստաթղթերով ներկայացվել է ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել