ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը դարձավ նոր Հայաստանի հինգերորդ քաղբանտարկյալը։
«Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անելու համար ոչ մի քայլի առաջ կանգ չենք առնելու, եթե նույնիսկ այդ քայլերը խորտակեն բաստիոնը»․ այս սպառնալիքն է նոր ձերբակալության ենթատեքստում։
Թե ինչ օրինախախտումներով, ինչ իրավունքի խախտումներով են նրան ձերբակալել, խնդրեմ, իրավապաշտպանները կներկայացնեն, իսկ եթե մի նախադասությամբ ասվի, ապա շատ պարզ՝ Բաբայանը բանտում է այն պատճառով, որ Հրայր Թովմասյանը հրաժարական չի տալիս։ Իհարկե, գումարվում են նաև Բաբայանի քննադատական խոսքերը իշխանության հասցեին։
Փաշինյանն ուզում է հասնել նրան, որ Հրայր Թովմասյանի հետ առնչություն ունեցող մարդիկ՝ հարազատներ, բարեկամներ, ծանոթներ, կոլեգաներ, նրա հետ աշխատած անձինք, ահաբեկվելով, որ իրենց էլ չբռնեն, Թովասյանին խնդրեն՝ հրաժարական տա։
Ռեպրեսիվ ամեն նոր քայլ ևս մի անգամ ապացուցում է, որ Թովմասյանը ո՛չ իր, ո՛չ իր շրջապատի, ոչ էլ առանձին անհատների համար է դիմադրում, այլ ամբողջ հասարակության, որ չզիջի այն դիրքերը, որից հետո ռեպրեսիաները թափվելու են բոլոր նրանց վրա, ում նկատմամբ կասկած կունենա Փաշինյանը։ Առանց էն էլ ռեպրեսիաները թափվում են, ուղղակի այնպես չեն հեղեղում, ինչպես կուզեին վերևները, մի պատնեշի են դեմ առնում՝ Սահմանադրական դատարանին, որ իրավունքի, սահմանադրականության և նման հասկացություններով խոչընդոտներ է ստեղծում։
Այս տոտալ բռնաճնշումների պայմաններում՝ հետևը՝ սուր (պետական ռեպրեսիվ ապարատը), դիմացը՝ ջուր (փողոցի տիղմը), Հրայր Թովմասյանի դիմադրությունը մեծ սխրանք է։ Մաղթենք, որ Թովմասյանը դիմանա բոլոր ռեպրեսիաներին և ամբոխին հետևը գցած «դուխովներին» իրական դուխի օրինակ ցույց տա։
Ծանր, շատ ծանր օրեր են սպասվում Հայաստանին, մանավանդ եթե հաշվի առնենք, որ ռեպրեսիաներն իր վրա կուտակող իշխանությունների համար պատասխանատվությունից խուսափելու միակ ձևը իշխանությանը կառչելն է լինելու։