ՀՀ ԱԺ «անկախ» պատգամավոր Արման Բաբաջանյանի տված հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանությունը յուրացնելու դեպքի առթիվ, որին էլ հաջորդել է ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանի կալանավորումը:
Հայաստանում իրականացվող արդարադատության հետ կապված զավեշտալի փաստն այն է, որ այս պահին ՀՀ քրեական օրենսգքրի 300-րդ հոդվածի 2-րդ մասով հնարավոր է քրեական գործ հարուցել ուրիշների դեմ գործ տվող «անկախ» պատգամավոր Արման Բաբաջանյանի դեմ:
Մինչև հինգերորդ գումարման Ազգային ժողովը Հայաստանի խորհրդարանում եղել են անկախ պատգամավորներ, որոնք ընտրված են եղել ժողովրդի ուղղակի ձայներով: ՀՀ բարեփոխված սահմանադրության համաձայն՝ ՀՀ ԱԺ-ում այլևս «անկախ» պատգամավորի ինստիտուտ գոյություն չունի, և ցանկացած պատգամավոր խորհրդարան է մուտք գործում բացառապես ներառվելով որևէ խմբակցության ցուցակում, ինչը նաև վկայում է այն մասին, որ խմբակցություններից դուրս որևէ անկախ պատգամավոր չի կարող մանդատ ունենալ Հայաստանի Ազգային ժողովում: Այլ խոսքով՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից հրաժարված ու իրեն «անկախ» պատգամավոր հռչակած Արման Բաբաջանյանն անօրինական կերպով յուրացրել է ՀՀ ԱԺ պատգամավորի մանդատը:
ՀՀ Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասով «իշխանությունը պահելը` Հանրապետության նախագահի, պատգամավորի, վարչապետի, նախարարի լիազորությունների ավարտից հետո այդ լիազորությունների իրականացումը շարունակելը պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով»:
Նման գործընթաց տեղի ունեցավ նաև նախորդ գումարման Ազգային ժողովում, երբ ՀՀԿ-ական որոշ պատգամավորներ, հրաժարվելով «Հանրապետական» խմբակցությունից, իրենց անկախ պատգամավորներ հռչակեցին: Դա, իհարկե, չի կարող Արման Բաբաջանյանի կողմից մանդատի յուրացման դեպքի համար օրինական հիմք ծառայել, քանի որ հիշյալ պատգամավորները նման քայլի դիմեցին անկախ իրենց կամքից՝ նկատի առնելով իրենց դեմ գործադրված թաքուն ու բացահայտ սպառնալիքներն ու ճնշումները:
Հ.Գ. ՀՀ ԱԺ-ում «անկախ» պատգամավորի գոյություն անհնարինության օրինական և իրավական հիմնավորումներին կարելի է ծանոթանալ հետևյալ լինքում տեղադրված հոդվածում՝ Անկախ պատգամավորի ինստիտուտը Հայաստանի վեցերորդ գումարման խորհրդարանում։