Armdaily.am-ը գրում է.
Ինչպես հայտնի է, Կադաստրի կոմիտեի ղեկավար, Վազգեն Մանուկյանի փեսա Սարհատ Պետրոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել վարչապետին։
Նիկոլ Փաշինյանի խոսնակից՝ Վլադիմիր Կարապետյանից մեկնաբանություն ենք խնդրել՝ արդյոք վարչապետը բավարարելու է նրա աշխատանքից ազատման դիմումը, թե ոչ, խոսնակը խոստացել է մեկ ժամից պատասխանել մեր հարցին։
ArmDaily.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Սարհատ Պետրոսյանի հրաժարականից։ Պարզվում է՝ նա ոչ միայն խնդիրներ է ունեցել Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի հետ, այլեւ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ, ինչի մասին նրա տեքստում թեթեւ ակնարկներ կան։
Հատկապես՝ շատ լարված են եղել հարաբերությունները քաղշինի նախկին նախագահ, այժմ Ավինյանի խորհրդական Ավետիք Էլոյանի հետ։ Ասում են՝ վերջինս պարբերաբար հանդիպումներ, քննարկումներ է ունենում քաղշին կոմիտեի նախկին նախագահ Նարեկ Սարգսյանի հետ։
Սարհատ Պետրոսյանը դեմ է եղել Երևանում 270 մետր բարձրությամբ 71 հարկ ունեցող երկնաքերի կառուցմանը, սակայն նրա կարծիքը հաշվի չեն առել որպես կադաստրի կոմիտեի նախագահ։ Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ դեռեւս մեկ ամիս առաջ Սարհատ Պետրոսյանը Փաշինյանին հայտնել է, որ ցանկանում է հրաժարական տալ, սակայն վարչապետը ասել է, թե Ամերիկա այցից հետո կզրուցեն այդ մասին։ Ասում են նաեւ, որ Փաշինյանը շատ լավ է վերաբերել Սարհատ Պետրոսյանին, չնայած Ավինյանը եւ նրա թիմը ամեն ինչ արել են նրան վատաբանելու համար։