Yerkir.am-ը գրում է.

Նոր իշխանությունները դարձյալ օլիգարխների տնտեսական հիմքի վրա են ստեղծված: Այդ սպառման վրա հիմնված մոդելը միշտ առաջ է բերում և արտադրում է օլիգարխիկ համակարգ: Այս մասին Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց տնտեսագետ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված 2020 թվականի բյուջեի նախագծով կառավարության այն կանխատեսումը, որ տնտեսական աճը լինելու է 4.9 տոկոս, ինչն ավելի ցածր է, քան նախորդ 3 տարիներին, Բագրատյանը պատասխանեց. «Այդ բյուջեի նախագիծը, ինձ հասած տեղեկություններով, դեռ կառավարությունից դուրս չի եկել և ԱԺ չի գնացել, որովհետև հնարավոր է՝ մենք հիմա քննարկենք 4.9 տոկոսը, վաղը մեզ արձագանքեն՝ այ, անտեղյակնե՛ր, 4.9 չէ, 9.9 է: Այո՛, կառավարությունում քննարկվել և քննարկվում է մի նախագիծ, որտեղ գրված է 4.9 տոկոս, բայց կրկնում եմ՝ թուղթը քննարկման փուլում է:

Այնուամենայնիվ, 4.9-ը նշանակում է, որ երբ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 5-ին Ստեփանակերտի հրապարակում ասում էր՝ ՀՆԱ-ն մինչև 2050 թվականը 15 անգամ կաճի, և երբ նրան հարցրին՝ ինչպե՞ս, նրանց թիմից պատասխանեցին՝ տարեկան 10 տոկոսով... Իշխանության երրորդ տարին է, որ մեր տնտեսական աճը տատանվում է 5 տոկոսի շրջանակներում»:

Բագրատյանը ներկայացրեց, որ իր նշված մոդելի դեպքում պետք է հայտնի մեծահարուստներին խնդրել, որ ներդրումներ կատարեն, օրինակ՝ Սամվել Կարապետյանին, Սերգեյ Համբարձումյանին: Նա նշեց, որ պետք է անցում կատարել ներդրումային մոդելին:

«Նիկոլ Փաշինյանը, իշխանության գալով, մատը մատին չի խփել փոփոխություններ անելու համար: Նա չի հասկանում, որ դա պետք է փոխվի: Նրանք թիմ չունեն, եթե ունեն, ուրեմն այդ թիմում գաղափար չկա, ինտելեկտ չկա»,- ասաց նա և հավելեց, որ հիմնավոր փոփոխություններ են պետք:

Բագրատյանի խոսքով՝ օրինակ՝ Կենտրոնական բանկը պետք է անընդհատ արժեզրկի դրամը, ստեղծի միլիարդանոց ֆոնդեր, որի հիմքով պետք է սկսի երկիրը կառուցվել: «Մի 2 կմ ճանապարհ են կառուցել, որը ավելի քիչ է, քան նախկինում էր արվում: Նախկինում նոր ճանապարհ է կառուցվել՝ Գորիս-Ստեփանակերտ-Լաչինը, որը 10 անգամ ավելի թանկ է, քան ինչ-որ ճանապարհ վերանորոգելը: Աղմուկ են դրել. ոչինչ չի կառուցվում, ոչ մի արտադրություն չի զարգանում, չեն կողմնորոշվում՝ ինչի վրա կենտրոնանալ»,- ասաց նա:

Հարցին, թե արդյոք այս թվի ցածր լինելը կապ ունի կապիտալ ծախսերի ծրագրի 74 տոկոսով ձախողվելու հետ, Բագրատյանը պատասխանեց՝ կապ ունի, բայց խոսքը տարեկան 2-3 միլիարդ դոլար ներդրում անելն է:  

Հարցին, թե նոր իշխանությունները դարձյալ օլիգարխների տնտեսական հիմքի վրա են ստեղծված, նա պատասխանեց. «Անպայման: Այդ սպառման վրա հիմնված մոդելը միշտ առաջ է բերում և արտադրում է օլիգարխիկ համակարգ: Եվ եթե այդ մոդելի վրա ենք, ավելի լավ է, որ շատ օլիգարխներ ունենանք: Գոնե նրանք շատ լինեն, որ ՀՆԱ-ն աճի»:

Անդրադառնալով Հայաստանում անցկացված Տեղեկատվական տեխնոլոգիաների համաժողովում Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Հայաստանը ստեղծարար մարդու համար պետք է դրախտ դառնա՝ Բագրատյանն ընդգծեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաների Հայաստանում զարգանալը չի կարող հիմք լինել տնտեսության համար, քանի որ մենք տեղեկատվական տեխնոլոգիաների առաջանցիկ զարգացում չունենք:

«Փաշինյանը դա ասում է, որպեսզի դուր գա լսողին»,- ասաց նա և հավելեց՝ կապ չունի, որ ամբողջ աշխարհից մասնագետներ եկան: «Ձրի, փողը տվել ենք, եկել են: Մեզ չի էլ ասել, թե քանիսի ճանապարհածախսն է վճարել: Սպառման մոդելի վրա դու ինչպե՞ս ես ինովացիոն համակարգ ստեղծում»,- ասաց նա:

Հրանտ Բագրատյանի ներկայացմամբ՝ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի օրոք էլ տնտեսությունը չզարգացավ, այնպես էլ հիմա է, որևէ տարբերություն չկա:  

Ինչ վերաբերում է հայտարարությանը, որ բեռնափոխադրումների ցուցանիշը 54 տոկոսով պակասել է, տնտեսագետը նկատեց՝ սա նշանակում է, որ բլեֆ է այդ տնտեսական աճը: «Պատկերացնո՞ւմ եք, 2 անգամ քիչ բեռ է տեղափոխվել, բայց տնտեսությունն աճել է 7 տոկոսով:

Չեն կարողանում հավելագրումներ կատարել. երկաթգիծը, տրանսպորտային կազմակերպությունները զեկուցել են, որ այդքան բեռ է տեղափոխվել, հիմա իրենք պիտի հարցնեն՝ եթե այսքան բեռ է տեղափոխվել, այս ՀՆԱ-ն ո՞նց աճեց, չեն հարցնում, նրանք թքած ունեն»,- ասաց նա, ապա շարունակեց.

«Երբ մայիսին՝ Նիկոլ Փաշինյանի ընտրվելու 3-րդ օրը, Ազգային վիճակագրական ծառայության 6 հոգուն էլ վերանշանակեց՝ հայտնի սուտասաններին, որոնց մասին ինքը դեֆերամբներ էր կարդում ԱԺ-ում, էդ հայտնի սուտասանը հիմա էլ է սուտ ասում: Նույնիսկ հասկացնել տվեց, որ գնա և սուտդ շարունակիր: Վիճծառայության պետ Ստեփան Մնացականյանը  ծառայել է չէ՞ համակարգին, ծառայել է երկրորդ նախագահին, երրորդին, ծառայում է Նիկոլ Փաշինյանին նույն ձևի»,- ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել