Pastinfo.am-ը գրում է․

«Հայաստանում արդեն ամեն ինչ խառնվել է, գործում են երկակի, եռակի ստանդարտներ եւ վերլուծելը բանականությունն օգտագործելն ուղղակի անիմաստ է, որովհետեւ մի գործողությունը ինչ-ինչ նպատակահարմարությունից ելնելով համարում են խիստ բացասական եւ քրեորեն հետապնդվող, մեկ այլ դեպքում՝ նույն գործողությունը համարում են այսպես ասած, մեղմ հանցանք։ Սա վերաբերում է բոլոր ոլորտներին»,- «Փաստինֆո»-ին ասաց Երվանդ Բոզոյանը՝ «Սասնա ծռեր»-Նիկոլ Փաշինյան հանդիպման համատեքստում» անդրադառնալով ՀՀ ոստիկանապետի ԺՊ Արման Սարգսյանի հայտարարությանը, որ ոստիկանի վրա ձեռք բարձրացնելը հավասարազոր է պետության վրա ձեռք։

Հիշեցնենք, հոկտեմբերի լույս 16-ի գիշերը՝ ժամը 04:30-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելիս սպանվել է պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի ավագ Տիգրան Առաքելյանը։ Իսկ 2016-ին «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամները զինված հարձակում էին գործել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերի վրա։ Զինված հարձակման հետեւանքով զոհվեցին գնդապետ Արթուր Վանոյանը, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանն ու ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը: Վերջերս ՀՀ վարչապետը հանդիպել էր «Սասնա ծռերի» ղեկավար մարմնի ներկայացուցիչներին՝ քննարկելով ներքաղաքական հարցեր ։

Երվանդ Բոզոյանի խոսքով, այսօր ունենք մի երկիր, որտեղ արդեն մեկ ու կես տարի է՝ որեւէ համակարգ չի գործում.«Կամաց-կամաց երկիրը մտնում է ջունգլիների օրենքների տիրույթ , որից այն կողմ ՝ մեկ քայլ է մնացել եւ այդ իրավիճակը ինձ հիշեցնում է 90-ականների Ադրբեջանն ու Վրաստանը»։
Բոզոյանն ասում է՝ երկակի ստանդարտների բոլոր օրինակները շատ նման են իրար եւ դրանք առանձնացնելու անհրաժեշտություն չկա։ «Խոսում են կոռուպցիայի դեմ պայքարից, բայց նույն մեթոդները կիրառում են, խոսում են արդարության վերականգնման մասին, նույն երկակի ստանդարտները կիրառում են՝ մեկին մոտավորապես նույն արարքի համար ազատ արձակում ՝ խափանման միջոցը փոխելով, մյուսին՝ ոչ։ Սա վկայում է, որ երկիրը գլորվում է անսպկզբունքայնության պրոցեսի մեջ»,-ասում է Երվանդ Բոզոյանը։

Ըստ քաղաքագետի «Սասնա ծռեր»-Փաշինյան հանդիպումը վկայում է, որ նա ցանկացած մեթոդի կարող է դիմել. «Իր համար արժեքներ ու սկզբունքներ այլեւս գոյություն չունեն, նա կարող է ցանկացած ուժի, ցանկացած մարդու հետ հանդիպել եւ ինչ-որ բան քննարկել՝ անկախ նրանից, թե ինչ հետեւանքներ կարող է դա ունենալ երկրի համար։

«Եթե նախկինում իշխանությունը փորձում էր դա ավելի քողարկված անել, որպեսզի նշված բացասական երեւույթները հանրությանը չերեւան, բայց այն, ինչ Դուք լսում եք՝ վկայում է, որ այս իշխանությունը փնթի է, անգրագետ է, դրա համար ստիպված է բացահայտ անել, բայց այդ բացահայտ անելը վտանգավոր է այն իմաստով, որ երբ այն տեսանելի է դառնում շարքային քաղաքացու համար, հասունանում է այն վտանգը, որ շարքային քաղաքացիներն էլ հասկանում են՝ ոչ այնքան բուն հացագործությունն է վտանգավոր, այլ այն , թե ով է հանցագործությունը կատարել»։

Ըստ Բոզոյանի, եթե այս կամ այն հանցագործություն կատարողն իշխանության հետ խնդիր ունի, նրան կդատապարտեն առավել խիստ եւ դաժան։

Հավելենք, որ տեղի ունեցածի վերաբերյալ «Սասնա ծռեր» կուսակցության ղեկավար Վարուժան Ավետիսյանը, ով 2016 թվականի հուլիսի 17-ին մասնակցել է ոստիկանության ՊՊԾ գնդի վրա կատարված զինված հարձակմանը, հայտարարել է, թե ցնցված է ոստիկանների նկատմամբ կատարված դաժան գործողությունից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել