Ինդոնեզիայում երիտասարդ ծնողներ Անիտա եւ Սարիֆուդին Հաուրաներն իրենց երեխային մի քանի ամիս կաթի փոխարեն սուրճ են տվել:

Odditycentral կայքը հայտնում է, որ զույգը բնակվում է Արեւմտյան Սուլավեսի նահանգի Տոնրո Լիմա գյուղում: Նրանք չէին կարող կաթ կամ մանկական կեր գնել, ուստի 8 ամիս շարունակ իրենց դստերը բացառապես սուրճ են տվել:

Զույգն աշխատում է կոկոսի պլանտացիայում եւ օրական վաստակում մոտ 20 հազար ռուփի (մոտ 670 դրամ): Այս փողը հազիվ է բավականացնում ամենօրյա ծախսերին: Ամուսինները երբեմն ընդահանրապես աշխատանք չեն ունենում, այս պատճառով միակ բանը, որով երեխային կերակրել են, էժան աղացած սուրճն էր, որը եփել են շաքարով:

Աղջիկն ընտելացել է այս սննդակարգին եւ, ծնողների խոսքով, անգամ սաստիկ զայրանում է, եթե նրան չեն տալիս սուրճի հերթական օրաբաժինը: Նա օրական խմում է ըմպելիքի 3 շիշ, այսինքն՝ 1,5 լիտր: Ընդ որում՝ երեխայի առողջության ցուցանիշները, որը հիմա 1,2 տարեկան է, նորմայի սահմաններում են:

Երբ այս երեխայի մասին լուրը տարածվեց ինդոնեզիական լրատվամիջոցներում, ընտանիքի մոտ են եկել առողջապահության տեղական գործակալության ներկայացուցիչները եւ կաթ ու կարկանդակ են բերել: Նրանք ծնողներին հանձնարարել են աղջկան այլեւս սուրճ չտալ, քանի որ կոֆեինն ու շաքարը կարող են երեխայի առողջությանը լուրջ վնաս հասցնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել