Ոչ մեկը չի ուզում բացատրի դրա հետևանքները:
Արցախը անկախացել է Ադրբեջանի կազմում և Խորհրդային Ադրբեջանի չեղարկման ժամանակ:
Սա միակ, միջազգայնորեն ընդունված ակտն ու ձևն է, ինչը հստակ իրավական ուժ ունի աշխարհում:
Սա մերժում են ադրբեջանցիները, բայց կգա ժամանակը, և էս տարբերակն է հիմք լինելու վերջնական անջատման համար: Մյուս բոլորը այս կան այն կերպ ստատուս քվոն պահելու տարբերակներ են: Կլինենք ուժեղ՝ կպահենք մինչև պատերազմի ավարտ:
Երբ մենք ասում ենք՝ Արցախը Հայաստան է ու վերջ, մենք ավտոմատ հայտնվում ենք Ադրբեջանի դեմ պատերազմողի կարգավիճակում: Պարզ է, որ էդպես է, բայց կա հարցի իրավական կողմը: Ադրբեջանը Արցախը համարում է իրենը, ՀՀ-ն կռվում է՝ ասելով՝ իմն է:
Ասենք՝ Ֆրանսիայի Շամպայն նահանգը մերն է ու վերջ... Բարդ չէ պատկերացնելը, բայց եթե Շամպայնը կայանում է որպես պետություն՞ (սա, իհարկե, օրինակ է ընդամենը):
Այսինքն` Արցախը Հայաստանն է ու վերջ ասելով ավտոմատ պատերազմ ենք հայտարարում, երբ պատերազմը չհայտարարած սկսել է Ադրբեջանը, իսկ դա առավելություններ է տալիս մեզ, ու միջազգային համակեցության մեջ մենք իրապես մաքուր ենք այս կետով:
Առավել քան բոլորիս նպատակը մի օր վերամիավորված Հայաստան ունենալն է, ու խոսքը ոչ միայն Արցախի մասին է, բայց այս միտումը մեզ տանելու է լուրջ խնդիրների:
Ինչո՞ւ էին նախորդ երկու ղեկավարները ասում, որ հարկ եղած դեպքում ՀՀ-ն կճանաչի Արցախի Հանրապետությունը: Սա լինելու է այն դեպքում, երբ պատերազմն անխուսափելի ու վերջնական փուլ է մտնում, և էս դեպքում Հայաստանը ճանաչելու է Արցախի անկախությունը, որպեսզի լիիրավ տեր դառնա միջազգային զարգացումներին ու բանակցություններին՝ բացառելով ադրբեջանական ցանկացած, ասենք՝ իրենց երկրով մեկ Արցախի անկախության հանրաքվե անցկացնելու տարբերակը:
Էական են նաև այդ ընթացքում խաղաղապահների հետ կապված լիրիավ մասնակցության, իր տարբերակի պնդման ու այլ խնդիրներ ևս: Ընդ որում՝ ՀՀ-ն էլի չի ասում՝ Արցախը Հայաստան է և վերջ, այլ ճանաչում է Արցախի անկախությունը:
Ե՞րբ էր ասվել այս փառահեղ արտահայտությունը, հիշո՞ւմ եք։ Այն օրերին ու պահերին, երբ ազգային ոգին ու ժողովուրդը, ոտքի ելած, կռիվ էր տալիս քանակով գերազանցող թշնամու դեմ:
Սա պատմական արտահայտություն է ու իրական մի կոնստանտ, որին գնալու համար ժամանակ, ջանք, մարդկային ու նյութական ռեսուրսներ են պետք: Բայց մի բան էլ ակներև է. Արցախում ապրում, կռվում ու ստեղծագործում է Արցախի Հանրապետության անկախության սերունդը, և աշխարհին սա պիտի շատ կարևոր հուշում լինի:
Ամեն բան լավ է լինելու, եթե մենք կարողանանք հեռատես ու ոչ արհեստական միտումներով գնալ առաջ: