Իրաքում ընթացող բողոքի ցույցերի ֆոնին Սիրիայի շուրջ զարգացումներն Իրանի համար բավական բարդ իրավիճակ են ստեղծել: Ինչպես Իրաքի, այնպես էլ Սիրիայի դեպքում տարածքային ամբողջականության սկզբունքն Իրանի համար առաջնային նշանակություն ունի, որի վերաբերյալ Իրանը մշտապես բարձրաձայնել է Իրան-Թուրքիա-Ռուսաստան եռակողմ հանդիպումների ընթացքում:

Իրանն ակտիվ աշխատանքներ է իրականացնում ինչպես Թուրքիայի, այնպես էլ Սիրիայի հետ: Իրանի ԱԳՆ-ն հստակ հայտարարել է, որ դեմ է Սիրիայի հյուսիսում Թուրքիայի նախաձեռնած ռազմական գործողություններին՝ համոզմունք հայտնելով, որ Թուրքիայի գործողությունները ոչ միայն չեն փարատի անվտանգության հարցում Անկարայի ունեցած մտահոգությունները, այլև դրանք կհանգեցնեն մարդային կորուստների:

Ուշագրավ է, որ Թուրքիայի՝ Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություններ սկսելու մտադրության մասին հայտարարությունից հետո իրանական մամուլում առաջին անգամ հրապարակվեց Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին 2011թ. հղած նախազգուշացումը, որտեղ, մասնավորապես, նշվում է. «Սիրիայի ժողովրդի անվտանգությունը մեր «կարմիր գիծն է». Եթե Սիրիայի ժողովրդի դեմ իրականացվող բռնությունների նկատմամբ անտարբեր լինեք, ապա Իրանից աջակցություն չակնկալեք»:

Այդ համատեքստում Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տեղեկատվական աղբյուրները հաղորդում են, որ Սիրիայի քրդերը պատրաստակամություն են հայտնել քաղաքական համաձայնություն ձեռք բերելու նպատակով բանակցել Սիրիայի կենտրոնական իշխանությունների հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել