Տղերք, դուք արդեն անգամ ծիծաղելի էլ չեք: Դուք ուղղակի մեղք եք, ներման ենթակա անմեղսունակներ:
Հերթական անգամ էսօր այցելում եմ մարզասրահ: Մարզվելուց հետո` լողից առաջ, մտնում եմ շոգեբաղնիք: Մարդ չկա: Երեք-չորս րոպե անց տարօրինակ կերպով կողքուբոլորը լավ զննելուց հետո հենց նոր հանցագործություն կատարած մարդու լարվածությամբ ու զգուշությամբ ներս է մտնում մեկը: Բարևում է: Փոխադարձ բարևում եմ: Մեկ րոպե անց ներկայանում է անունով՝ որպես հատուկ քննչական ծառայության քննիչ, ներողություն է խնդրում ու ասում մոտավորապես հետևյալը. «Պարոն Ֆարմանյան, ես Ձեզ շատ հարգում եմ: Ես ձեզ ճանաչում եմ համալսարանից... Ուղղակի խնդրում եմ վստահ լինել, որ մեր ձեռքը իրոք ճար չկա: Ձեր քրոջը էլի կալանք ենք տալու: Դուք ամեն ինչ մեզանից շատ ավելի լավ գիտեք: Կա՛մ պիտի թողնենք, դուրս գանք համակարգից, կա՛մ դիմանանք` հույսով, որ հաջորդ իշխանություններն ազնիվ կգտնվեն, մարդկայնորեն մեր դրության մեջ կմտնեն, ու պատասխան կտան իրական մեղավորները, ոչ թե մեզ նման կատարող մարդիկ...»։ Լռություն: Ու արագ անհետանում է շոգեբաղնիքի մառախուղի մեջ:
Սա հատված չէ գեղարվեստական գրքից կամ ֆիլմից: Սա ստալինյան ժամանակների` Եժով-Յագոդա-Բերիա տրիադայի իրականացրած անմարդկային ռեպրեսիաների մարդկային պատմություն չէ: Սա 21-րդ դարի մերօրյա հայաստանյան իրականություն է` ժողովրդավարության «համաշխարհային բաստիոնի» տիտղոսին հավակնող փաշինյանական ժամանակների իրականություն:
Հ.Գ.1. Հայկ Մարությանին փոխանցեք` անպայման կհանդիպենք...
Հ.Գ.2. Ավելորդ է ասել, որ ո՛չ իմ ու ոչ էլ քրոջս կողմից առաջիկա օրերին դեպքերի «անոնսված» զարգացման պարագայում չի լինելու էս կրկեսին առնչվող որևէ արձագանք: Չի լինելու իրավական որևէ անդրադարձ կամ գնահատական նաև նրա փաստաբանների կողմից. փաստաբաններն անելիք չունեն մի միջավայրում, որտեղ իրավունքն ու իրավագիտությունը մահացած են: Հարցը մաքուր քաղաքական է: Հարցի հասցեատերը ես եմ: Ես ընդունել եմ այդ մարտահրավերը: