Այսօր Ազգային ժողովի կողմից ընդունվեց «Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» Ազգային ժողովի որոշումը, որը որևէ աղերս չունի իրավական և օրինական լինելու հետ, հակասում է Սահմանադրությանը, «Սահմանադրական դատարանի մասին» և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքներին՝ ապօրինի լինելով թե՛ նյութական, թե՛ բովանդակային տեսանկյունից։
Որո՞նք են հետագա քայլերը.
• Ազգային ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ Ազգային ժողովի որոշումը մուտքագրում է Սահմանադրական դատարան։ Այդ որոշմանը պետք է կցվեն Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու ՀԻՄՔԵՐԸ ՀԱՎԱՍՏՈՂ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ:
• Դիմումի մուտքագրման օրվանից հետո ոչ ուշ, քան 30 օր հետո Սահմանադրական դատարանն ընդունում է հետևյալ որոշումներից որևէ մեկը.
1) դիմումը մերժելու մասին,
2) Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու մասին։
• Սահմանադրական դատարանի պատճառաբանված աշխատակարգային որոշմամբ 30-օրյա ժամկետը կարող է երկարաձգվել, բայց ոչ ավելի, քան 50 օրով:
• Գործերի դատաքննությունն իրականացվելու է բանավոր ընթացակարգով:
• Գործով ապացուցման բեռը կրում է դիմող կողմը:
Նախ՝ կոչ եմ անում իրավական համայնքին և հասարակությանը զորակցություն հայտնել Սահմանադրական դատարանի դատավորներին, ում սկզբունքայնությունից և մասնագիտական անաչառությունից է կախված մեր պետության իրավական էությունը երաշխավորող վերջին սահմանադրական մարմնի գոյության երաշխավորումը։
Բացի այդ՝ հաշվի առնելով դատական իշխանության նկատմամբ ճնշումների առկա նախադեպը՝ կոչ եմ անում Ազգային ժողովի այսօրվա ապօրինի որոշման ընդունմամբ առերևույթ շահագրգռված բոլոր անձանց զերծ մնալ Սահմանադրական դատարանի դատավորների նկատմամբ ցանկացած արտաքին ազդեցությունից։
Միաժամանակ հայտնում եմ, որ, հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 16-րդ հոդվածը, ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը չի կարող մասնակցել այս գործի քննությանը, քանի որ ԱԺ ապօրինի որոշման հիմքերից մեկն իր՝ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի խախտմամբ ներկայացված միջնորդությունն է, իսկ հիմքերից մյուսի վերաբերյալ ինքն է դիմել ՍԴ-ին՝ հայտնելով իր շահագրգռվածության վերաբերյալ։
Դիմում եմ նաև Ազգային ժողովում գործող խմբակցություններին հարցադրմամբ. եթե Հրայր Թովմասյանի նկատմամբ մեկնարկած գործընթացը իրավական էր, ինչո՞ւ չեն իրականացնում իրենց սահմանադրական պարտականությունը և նույնաբնույթ գործընթաց չեն մեկնարկում Վահե Գրիգորյանի նկատմամբ, երբ, ի տարբերություն նախորդի, այս դեպքում ուղղակի արձանագրված է ՍԴ դատավորի կողմից էական կարգապահական խախտման փաստը, այն է՝ 10-ից ավելի անհարգելի բացակայությունը Սահմանադրական դատարանի նիստերից։