Yerkir.am-ը գրում է.
Ֆրանսիան հրաժեշտ է տալիս հանրապետության նախկին նախագահ Ժակ Շիրակին: Երկուշաբթին ազգային սգո օր է հայտարարվել ի հիշատակ ականավոր քաղաքական գործչի, որը 87 տարեկանում մահացել է սեպտեմբերի 26-ին, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ելիսեյան պալատից տեղեկացրել են, որ պաշտոնական արարողությունները կանցկացվեն նախ պատմական Հաշմանդամների պալատի պատվո բակում, որտեղ հանգուցյալ առաջնորդին զինվորական պատիվ կտրվի: Նա 12 տարի՝ 1995-2007 թվականներին որպես հանրապետության նախագահ եղել է նաև Ֆրանսիայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը:
Արարողությունից հետո սգո երթը կուղևորվի Փարիզի հին Սեն Սյուլպիս եկեղեցի, որը գտնվում է Լյուքսեմբուրգյան այգու և Սեն Ժերմեն պուրակի միջև: Այնտեղ Շիրակի ընտանիքի անդամների, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և արտասահմանյան երկրների առաջնորդների մասնակցությամբ տեղի կունենա հոգեհանգստի պատարագ: Եկեղեցում հրաժեշտի արարողությունը եզրափակելով՝ Մակրոնը Ելիսեյան պալատում կհանդիպի Փարիզ ժամանած արտասահմանցի գործընկերների հետ: