Yerevan.Today-ը գրում է․

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը վերաքննիչ բողոք էր ներկայացրել ընդհանուր իրավասությունների դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի՝ սեպտեմբերի 17-ի որոշման կապակցությամբ: Աննա Դանիբեկյանը մերժել էր Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի միջնորդությունը՝ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերացնելու և անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ։

Դատալեքս համակարգից տեղեկացանք, որ գործը մակագրվել է դատավոր Մհեր Սերյոժայի Արղամանյանին:

Ո՞վ է դատավոր Մհեր Արղամանյանը:

Դատավորի մասին փորձեցինք տեղեկատվություն քաղել համացանցից, և ուշագրավ պատկեր բացվեց մեր առաջ:

Մհեր Արղամանյանը 60 տարեկան է, դատավոր է արդեն 23 տարի: 1999 թվականից վերաքննիչ քրեական դատարանի դատավոր է:

Դատավորի հայտարարագրում 2011 թվականից ի վեր միայն աշխատավարձից ստացած եկամուտն է, փոխկապակցված անձինք՝ կինը՝ Նարինե Մկրտչյանը, և որդին՝ Դավիթ Արղամանյանը, ոչինչ չեն հայտարարագրել:

Մհեր Արղամանյանը, պարզվում է, հնչեղ գործեր քիչ չի քննել, ու հաճախ նրա անունը շոշափվել է մամուլում: Հիմնադիր խորհրդարանը, օրինակ, դժգոհում էր, որ նա անփոփոխ է թողել իր անդամներ Պավել Մանուկյանի ու Գարեգին Չուգասզյանի խափանման միջոցը:

2019թ. Մայիսի 4-ին Փաստաբան Երեմ Սարգսյանը «Հետք»-ին ուղարկված գրությամբ բարձրաձայնել է դատավոր Արղամանյանի կողմից կատարված ենթադրյալ ապօրինությունների վերաբերյալ: Նա մեղադրում էր դատավորին դատախազության ցանկալի դատավորը լինելու և ապօրինի դատական ակտ կայացնելու համար: Խոսքը ինչ-որ քրեական գործի մասին է:

Մեկ այլ գործով էլ Արղամանյանը բեկանել էր առաջին ատյանի դատարանի որոշումը և անձին կալանավորման որոշում կայացրել, իսկ որոշ ժամանակ անց գործը կարճվել էր՝ այդ անձի արարքում հանցակազմ չլինելու պատճառաբանությամբ:

2012 թվականին նոյեմբերին ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը խայտառակություն որակեց ընդդիմադիր Հայ ազգային Կոնգրեսի (ՀԱԿ) չորս ակտիվիստների ազատազրկման դատավճիռն անփոփոխ թողնելու՝ Արղամանյանի և մեզ քաջ հայտնի Արմեն Դանիելյանի որոշումը՝ հիշեցնելով, որ նրանք տարիներ առաջ ավելի խայտառակ վճիռ կայացրել էին աղմկահարույց «Մատաղիսի գործով»: Նրանք խստացրել էին «Մատաղիս»-ի գործով առաջին ատյանի դատարանի կողմից 15 տարվա ազատազրկման դատապարտված 3 երիտասարդների պատիժը և ցմահ դատապարտել: Այնինչ շուտով վճռաբեկը գործը կարճեց և երիտասարդներին ազատ արձակեց: Իսկ դատական սխալների համար եվրադատարանը 50 հազար եվրոյի որոշում կայացրեց ընդդեմ ՀՀ-ի:

Մհեր Արղամանյանը 2019թ. մարտի 18-ին մերժեց ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցության գաղտնալսման առթիվ հարուցված քրեական գործով Ռոբերտ Քոչարյանին տուժող ճանաչելու պաշտպանական կողմի բողոքը։ Սա ուշագրավ էր, քանի որ այդ գաղտնալսման մեջ խոսք էր գնում Ռոբերտ Քոչարյանին ուզած-չուզած կալանավորման մասին:

Ի դեպ, 2012 թվականի մարտի 16-ին արդարադատության խորհուրդը Մհեր Արղամանյանին հայտարարել է նկատողություն` զուգորդված 6 ամիս ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկմամբ:

Ուշագրավ վարքագիծ է դրսևորում նաև դատավորի որդին՝ Դավիթ Արղամանյանը, որը 2018 թվականից ունի փաստաբանի արտոնագիր:

Դավիթ Արղամանյանը ֆեյսբուքյան հարթակում մշտապես հանդես է գալիս քաղաքական գրառումներով ու դատաիրավական համակարգի քննադատությամբ: Իմ քայլը դաշինքի իրավախորհրդատու է:

Փաստաբանը 2019թ. Սեպտեմբերի 17-ին ընդհանուր իրավասության դատարանի դիմաց մասնակցել է ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի՝ ՀԱԿ-ի կազմակերպած հանրահավաքին և այդ մասին տեսանյութ տեղադրել իր էջում:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանելուց և հետո ազատ արձակելուց հետո տեղադրել է «Rob in zon» գրառումը՝ այսպես դիրքորոշում հայտնելով: Իսկ երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց դատարանների մուտքերը շրջափակելու մասին, սույն փաստաբանը ֆեյսբուքյան էջում տեղադրել էր բոլոր դատարանների հասցեները, որպեսզի շրջափակողները փնտրելու վրա ժամանակ չծախսեն:

Նաև գրառում էր տեղադրել, թե. «ՀՀ֊ում պետք է վերացվի կոռումպացված կլանային արդարադատությունը, և դատական իշխանությունը պետք է ենթարկվի ինստիտուցիոնալ ռեֆորմի»։

Մեկ այլ նմանատիպ գրառում էլ արել էր սեպտեմբերի 20-ին. «Ո՞նց կարա սահմանափակվի դատարանի «անկախությունը», եթե դատարանները երբևէ անկախ չեն եղել, իսկ դատավորների 90%֊ը եղել են հրաման կատարողներ։ Մոռացա՞ք, որ մի տարի առաջ բոլոր գործերով դատավորը վերևների հետ էր քննարկում, նոր որոշում կայացնում։ Մոռացա՞ք, որ դատարանը նախկին դիկտատուրայի գործունեության «օրինականությունն» ապահովող մարմին էր։ Մոռացա՞ք, որ դատարանում օրենքը գործում էր ոնց պետք էր, ու երբ պետք էր։ Դատավորները մի տարի իշխանությունից որևէ հրահանգ չեն ստանում, խուճապի են մատնվել, չգիտեն իրոք օրենքով աշխատե՞ն։ Ոմանք էլ ոնց կատարածու կային, նենց էլ կմնան հավերժ, առիթից օգտվում ու սաբոտաժ են իրականացնում։ Գիտեիք ձեր կեղծ »դատական իշխանության» վերջը չի գալու՞, դե բռնվեք... Ոտքի, ժողովուրդն է գալիս»։

Փաստաբան որդին գրում է այս տողերն այն դեպքում, երբ հայրը դատավոր է արդեն 23 տարի, որից դժգոհ են բոլոր ժամանակների ընդդիմադիրները:

Գուցե մի բան գիտի՞:

Այնպես որ, բավականին «անաչառ» դատավորի է բաժին հասել Ռոբերտ Քոչարյանի գործը:

Ի դեպ, կարծես Ռոբերտ Քոչարյանի ճակատին գրված լինի, որ իր գործը պետք է քննեն հիմնականում ամենացածր վարկանիշ ունեցող դատավորները: Մհեր Արղամանյանը, օրինակ, դատավորների գնահատման սանդղակում բավականին ցածր վարկանիշ ունի՝ -10:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել