Politik.am-ը գրում է.
Նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի դիրքերը գնալով ուժեղնում են: Նա այս պահին պետական պաշտոն չի զբաղեցնում, բայց իր դերակատարումը բավական մեծ է: Մեր տեղեկություններով՝ նախկին զինդատախազը դարձել է դատախազական, քննչական եւ դատական համակարգում հարց լուծող, նրան հաճախակի կարելի է տեսնել Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների կաբինետներում, ինչն, ի դեպ, առաջացնում է դատավորների զայրույթը։
Մեզ անգամ պատմեցին, որ երբ դատական համակարգից մի բարձրաստիճան պաշտոնյայի դիմել էին խնդրանքով՝ կապված մի բարդ քրեական գործի հետ, նրանց ուղղորդել էին Ջհանգիրյանի մոտ։ Կարելի է ասել՝ նա ստանձնել է նոր իշխանությունների իրավական բլոկի ստվերային կարդինալի դերը։
Ի դեպ, քաղաքական գործիչների հին գվարդիան լավ է հիշում Գագիկ Ջհանգիրյանի նախկին գործունեությունը: Նա իրավապահ համակարգի ամենակոռումպացված գործչի հեղինակությունն էր վայելում: Նրա որոշման արդյունքում տասնյակ քաղաքացիներ են տուժել: Ամենավառ օրինակը Մատաղիսի գործն էր, երբ Ջհանգիրյանի ակտիվ ներգործության արդյունքում անմեղ երիտասարդներ դատապարտվեցին ցմահ բանտարկության, որոնք հետագայում արդարացվեցին։
Ջհանգիրյանը լավ լեզու էր գտել նաեւ նախկին իշխանությունների հետ, ինչի վկայությունն այն է, որ ընդամենը 200 հազար դոլարով 3000քմ հողի վրա Մոնումենտում շքեղ առանձնատուն է կառուցել, որտեղ տեղեկայված է Իրաքի Հանրապետության դեսպանությունը: Ջհանգիրյանը դեսպանատնից ամսական 18 հազար դոլար գումար է ստանում, որպես վարձակալության վճար:
Հիմա էլ, խոշոր շինարարական բիզնեսների մեջ է խնամու հետ։ Զարմանալի է, որ նման կենսագրությամբ գործիչը նոր իշխանությունների համար հեղինակություն է և կարևոր որոշումների կայացման ժամանակ որոշիչ ձայն ունի: Խոսակցություններ կան նաև, որ առաջիկայում Ջհանգիրյանը կարևորագույն պաշտոնի կնշանակվի: