«Դաունթոնի աբբայությունը» լիամետրաժ ֆիլմը Հյուսիսային Ամերիկայում վարձույթի առաջատարն է դարձել անցած հանգստյան օրերին՝ հավաքելով 31 մլն դոլար: Այդ մասին գրել է The New York Times-ը:
Երկրորդ տեղում հայտնվել է «Դեպի աստղեր» ժապավենը՝ Բրեդ Փիթի մասնակցությամբ՝ հավաքելով 19,2 մլն դոլար, երրորդում՝ «Ռեմբո. վերջին արյունը» մարտաֆիլմն է՝ Սիլվեստր Ստալոնեի մասնակցությամբ (19 մլն դոլար): Focus Features կինոստուդիայում (մտնում է Universal Pictures-ի մեջ) «Դաունթոնի աբբայությունը» ֆիլմի ստեղծողները կանխատեսում էին, որ կինոնկարն առաջին հանգստյան օրերի ընթացքում կհավաքի մոտավորապես 20 մլն դոլար: Dow Jones-ի տվյալներով՝ կինոնկարի լսարանի 75 տոկոսը կազմել են կանայք, նրանց 60 տոկոսը եղել է 30-ից բարձր տարիքի:
The New York Times-ը նշում է, որ ժապավենի նկատմամբ հետաքրքրությունը խթանել է անցած շաբաթ NBC-ով վավերագրական հաղորդումը դրա նկարահանումների վերաբերյալ, ինչպես նաեւ հատուկ ակցիան. Հայքլեր դղյակի սեփականատերերը, որտեղ նկարահանել են ֆիլմը եւ Քրոուլիների ընտանիքի մասին սերիալը, նոյեմբերի 26-ին երկու հոգու մեկ գիշերով սենյակ կտան 150 ֆունտով: Ամրագրումը կսկսվի հոկտեմբերի 1-ի կեսգիշերին: Հաջողակներին կոկտեյլի եւ ընթրիքի կհրավիրեն Կառնարվոն կոմսերի հետ, առավոտյան նրանց խոստանում են անգլիական նախաճաշ եւ էքսկուրսիա կալվածքում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: