Լավ լուրն այն է, որ արտարժույթի շարժի ավելացումը տնտեսության մեջ, խոսում է աշխուժության մասին: Հիմնական հարցն արտարժույթի ներհոսքի աղբյուրների մեջ է:

Արտարժույթի քանակի աճի հիմնական աղբյուրներն են արտաքին առևտուրը, զբոսաշրջության ծավալները, օտարերկրյա ուղղակի ներդրումները:

Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված տվյալների համաձայն՝ 2019թ. առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտաքին առևտրաշրջանառությունն ավելացել է 13%-ով: Տասներեք տոկոսանոց աճն այն թիվը չէ, որն արտարժույթի գնումների ծավալների կտրուկ աճ ապահովի. Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում խոսվում է 398 մլն դոլարի մասին, ընդ որում՝ վարչապետը փոխանցում է, որ սեպտեմբերի 15-ի դրությամբ այդ թիվը կազմել է 351 մլն դոլար, այսինքն՝ միայն չորս օրվա կտրվածքով արտարժույթի փոխանակման ծավալները մեծացել են 47 մլն դոլարով: Սա վկայում է այն մասին, որ դեպի աշուն արտարժույթի շարժ ապահովող հիմնական պրոցեսներն արագանում են:

Եթե արտարժույթի այսօրինակ ներհոսքը դեպի հայրենական տնտեսություն պայմանավորված է այն տեսակ գործընթացներով, ինչպիսին է, օրինակ, ավտոմեքենաների առքն ու վաճառքը Հայաստանի տարածքում, որը մինչև տարվա վերջ կպահպանի ակտիվություն՝ պայմանավորված 2020թ.-ից սպասվող թանկացումներով այդ շուկայում, ապա արտաժույթի ավելացումը, հետևաբար, գրանցված աշխուժությունը ժամանակավոր բնույթ ունի: Այսինքն՝ կայուն ակտիվություն արձանագրելու համար ցուցանիշը պետք է դիտարկել ավելի երկար ժամանակահատվածի համար շարունակականության մեջ:

Այս պահի դրությամբ ունենք արձանագրված փաստ, որը կարող է հանգեցնել դրամի թանկացմանը, ինչի բացասական հետևանքներից խուսափելու համար ակնկալվում է Կենտրոնական բանկի ճիշտ դրամավարկային քաղաքականության իրականացում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել