Ընտրություններից առաջ ցանկացած գիտակից թեկնածու սթափ գնահատում է իր հնարավորությունները և ինքն իրեն պատասխանում մի քանի հարցերի` ովքե՞ր են մյուս թեկնածուները, արդյո՞ք իր առաջարկած ծրագիրն ինչ-որ բանով առավել է, արդյո՞ք իր ընտրվելը դրական գործընթացների շարք կսկսի, և արդյո՞ք կա հաղթելու հավանականություն... Նախապես նման հարցերի պատասխաններ ունենալը շատ կարևոր է, քանի որ թեկնածուն «խաղասեղանին է դնում» իր հեղինակությունը, իսկ որևէ կառույց կամ առավել ևս՝ երկիր ներկայացնելու դեպքում` կառույցի և երկրի հեղինակությունը:

Ոչ վաղ անցյալում առողջապահության նախարարը հպարտությամբ ասում էր, որ «... պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացրել է թեկնածու ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ղեկավարի պաշտոնի համար (53 երկիր)...» և ՀՀ կառավարությունը 2019 թվականի հունիսի 6-ին որոշեց (724-Ն որոշում) 13.217.000 դրամ հատկացնել Հայաստանի ներկայացրած թեկնածուի նախընտրական արշավի ֆինանսավորման նպատակով:

Նախընտրական արշավն ընթացավ «բարեհաջող», սակայն մեր թեկնածուն, ըստ ԶԼՄ-ներում հրապարակվող տվյալների, նույնիսկ թեկնածուների «short list»-ում չընդգրկվեց, էլ չեմ ասում հաղթանակի մասին: Վերհիշելով առողջապահության նախարարի «Պարոն Թաթուլ Հակոբյանն ունի անհրաժեշտ բոլոր գիտելիքները, հմտությունները և փորձը մեր տարածաշրջանի համար այդ կարևոր կառույցը ղեկավարելու համար» գրառումը, կարող եմ փաստել միայն մի բան․ նախարարը կադրերի ռեսուրսների և հնարավորությունների մասին ունի սեփական, անձնական և հաճախ սխալ պատկերացում (որպես օրինակ՝ կարելի է նշել բուժկենտրոնների նորանշանակ տնօրեննրի մեծամասնությանը): Չեմ ուզում անդրադառնալ մեր թեկնածուի «բուռն» անցյալին և Հայաստանում ցուցաբերած վարքային առանձնահատկությունների մեջ, քանի որ չեմ ուզում անձնավորել թեման, սակայն դուք դա կարող եք գտնել համացանցում: Ցավալի է... Սա մեր ոլորտն է... Սա մեր երկրի պատիվն է... Սա վերը նշված հարցերին նախապես չպատասխանելու արդյունքն է, որն այս պարագայում արժեցավ 13.271.000 դրամ:

Փաստացի, երկիրն աննպատակ ծախսեց 13.217.000 դրամ... Բայց արդյո՞ք աննպատակ
թեկնածուն չընտրվեց, բայց առողջապահության նախարարն ընտրվեց #խորհրդի_ԱՆԴԱՄ, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ, և եթե գումարի ծախսն այդ նպատակի «քարոզարշավին» էր ուղղված, ապա կարելի էր նախապես ասել:

Շնորհավորում եմ բոլորիս 13.271.000 դրամ (իրականում աննպատակ և ապարդյուն) ծախսելու կապակցությամբ։

#կառավարության_ԱՆԴԱՄ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել