Վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը հաստատում է տեղեկատվությունը, որ իրենք քննարկում են ադրբեջանցի երկու դիվերսանտներին՝ Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին Ադրբեջանում հայտնված երկու հայ գերիների՝ Կարեն Ղազարյանի և Արայիկ Ղազարյանի հետ փոխանակելու հարցը (ի դեպ, դրան անդրադարձավ նաև պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ով, ի տարբերություն Կարապետյանի, հստակ ամրագրեց, որ դա Արցախի սուվերեն իրավունքն է): Մի կողմ դնենք այն, որ առնվազն աննորմալ է քննարկել սպանության մեջ մեղադրվող և դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով իրենց պատիժը կրողներին ինչ-ինչ ճանապարհով Ադրբեջանում հայտնված հայ գերիների հետ փոխանակելու հարցը: Սրա մասին պաշտոնական Ստեփանակերտը բազմիցս ասել է, չի զլանում, ամեն անգամ նորից կրկնում է: Սա դնենք մի կողմ: Բայց կարո՞ղ է որևէ մեկը բացատրել՝ այդ ի՞նչ տրամաբանությամբ է առաջնորդվում վարչապետի մամուլի խոսնակը, երբ բացահայտ հայտարարում է, որ ԻՐԵՆՔ քննարկում են այդ հարցը: Հիշեցնեմ՝ Գուլիևը և Ասկերովը դատապարտվել և իրենց պատիժը կրում են Արցախում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:

Գիտակցո՞ւմ են վարչապետի խոսնակն ու Արցախը բանակցային սեղան վերադարձնելու ուղղությամբ «պայքարող» իշխանությունը, որ նման հայտարարություններով ուղղակի հարվածի տակ է դնում Արցախի սուբյեկտայնությունը, որի թեկուզ աննշան բարձրացման ուղղությամբ տարիներով ջանք չեն խնայել նոր Հայաստանում ամեն օր հիշատակվող նախկին վատ ու կոռումպացված իշխանությունները: Ճիշտ է, չի գիտակցում, չգիտի: Երևի Ալիևի հետ արցախյան խնդրի մանրամասներին ծանոթանալու ընթացքում իր ղեկավարությունը էդ պահը բաց է թողել…

Նույն օպերայից է նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանին Հայաստանում հարցաքննության կանչելը, Արցախի ընտրությունների երաշխավոր ինքնահռչակվելը և այլն, և այլն: Ցավով պիտի փաստեմ, որ այս շարքը դեռ երկար կարելի է շարունակել:

Եվ այս ոչ միանշանակ իրավիճակում երկու օրից Նյու Յորքում տեղի կունենա ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Զոհրաբ Մնացականյանը, ով, անշուշտ, հասկանում է ստեղծված իրավիճակի ողջ բարդությունը, ի՞նչ պիտի խոսի Մամեդյարովի հետ: Ո՞նց է ներկայացնելու ու պաշտպանելու մեր դիրքորոշումը, երբ, փաստացիորեն, Հայաստանի նոր իշխանությունները պարզապես չունեն դիրքորոշում Արցախի հարցում:

Հ.Գ. Ասում են՝ հրաժարականների ալիքը չի շրջանցի նաև Զոհրաբ Մնացականյանին: Այս հարցում արտործնախարարին, ազնվությամբ, չի կարելի չհասկանալ…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել