Սեպտեմբերի 16-ին Անկարայում կայացած սիրիական հակամարտության հանգուցալուծմանը միտված Աստանայի ձևաչափի երաշխավոր երկրների՝ Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի նախագահների՝ թվով 5-րդ գագաթնաժողովի եզրափակիչ մամուլի ասուլիսում հնչած հայտարարությունների վերլուծությունը թույլ է տալիս կատարել հետևյալ եզրահանգումները․
1. Ռ․ Թ․ Էրդողանի, Վ․ Պուտինի, Հ․ Ռուհանիի հռետորաբանությունը և բանակցությունների ընդհանուր ֆոնը թույլ է տալիս օրակարգային խնդիրների քննարկմանը տալ ընդհանուր դրական գնահատական։
2. Ձևաչափի երաշխավոր երկրների ղեկավարները չափազանց կարևորում են դրա արդյունավետությունը և ընդգծում, որ այն սիրիական հիմնախնդրի կարգավորման միակ գործուն մեխանիզմն է։ Ձևաչափի շարունակականության ապահովման համար երաշխավոր երկրները ս․թ․ հոկտեմբերին Աստանայում նախապատրաստում են հակամարտ կողմերի մասնակցությամբ հերթական համաժողովը։ Դրա հիմնական թեման շուրջ 1 տարի ապարդյուն քննարկվող սահմանադրական հանձնաժողովի աշխատանքներն են, որի ձևավորումն իբր ավարտվել է։
3․ Կարծես համաձայնություն է ձեռք բերվել Իդլիբում ահաբեկչական խմբավորումների դեմ առավել անկաշկանդ և վճռական պայքար իրականացնելու հարցում, որի առաջնագծում լինելու են սիրիական բանակն ու դաշնակիցները՝ հատկապես Ռուսաստանի ակտիվ դերակատարմամբ։
4․ Չնայած Իրանն ու Ռուսաստանը հայտարարում են հակամարտության՝ Սիրիայի տարածքային ամբողջականության հիման վրա կարգավորման անհրաժեշտության մասին՝ ընդգծելով երկրի ամբողջ տարածքում կառվարական ուժերի վերահսկողության հաստատման կարևորությունը, այդուհանդերձ, կարծես, ակնհայտորեն չեն ընդդիմանում Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի նախաձեռնած անվտանգության գոտու ձևավորման գործընթացին։ Այս հարցում, թերևս, առարկայական կողմնորոշիչ է այն հանգամանքը, որ նշված գոտու ստեղծման առնչությամբ առկա են լուրջ տարաձայնություններ Անկարայի և Վաշինգտոնի միջև, ինչն իրավիճակային առումով ձեռնտու է նաև Մոսկվային և Թեհրանին։
5. Անշուշտ, 3 նախագահներն էլ «ձեռքի հետ» հիշատակել են մարդասիրական, փախստականների վերադարձի խնդիրները, շոշափել Սիրիայի վերակառուցման հարցը․․․ Բայց, ինչպես միշտ, նման դեպքերում՝ կարևորագույնը միայն վերջին կետով․․․
Իսկ արդեն կանխատեսելի ապագայում հենց Սիրիայի տարածքում տեղի ունենալիք զարգացումները թույլ կտան առավել առարկայական դատողությունների հիմնախնդրի հերթական շրջափուլի հետ կապված, որի շրջանակում առարկայական նշանակություն կարող են ունենալ նաև Անկարայի գագաթնաժողովի արդյունքները։