Armtimes.com-ը գրում է․
Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը, որը առավել հայտնի է որպես Սերժ Սարգսյանի փեսա, ինքնաբուխ եւ սաստիկ սրտաշարժ մի ելույթ է ունեցել, որը տեսագրվել է սիրողական մակարդակով ու տարածվել իր նախընտրած լրատվամիջոցներից մեկով: Նա անդրադարձել մի շարք ներքաղաքական խնդիրների: Հիմնական ասելիքն այն է, որ Հայաստանում տեղի է ունեցել ոչ թե հեղափոխություն, այլ անբովանդակ փոփոխություն, նոր իշխանություններն էլ հնի շարունակությունն են եւ ոչինչ չեն փոխել, իսկ երկիրը գնում է դեպի անխուսափելի աղետ:
Փաստորեն ստացվում է, որ նորերը նախկինների «գիծը» չեն փոխել, եւ այդ «գիծը» աղետի է հանգեցնելու, այսինքն՝ նախկինները երկիրը տանում էին դեպի աղետ: Սա դեռ մի կողմ: Ակնհայտորեն քաղաքական հայտ ներկայացրած նախկին դեսպանը նաեւ իրողություններ է արձանագրում՝ առանց պատճառներն ու մեղավորներին նշելու: Օրինակ՝ հայտարարում է, թե «օդում կար հեղափոխության սպասում, դա տրանսֆորմացվեց հրաշքի սպասման, որն այսօր տրանսֆորմացվում է աղետի սպասման»: Եվ ոչ մի խոսք, օրինակ, այն մասին, թե ինչո՞ւ էր երկրում հեղափոխության սպասում ձեւավորվել. գուցե պատճառն այն է, որ ընտրությունների միջոցով երկրում փոփոխություններ իրականացնելու ոչ մի շանս չկա՞ր, գուցե մարդիկ համոզվել էին, որ նախկին դեսպանի աներոջ ղեկավարած կուսակցությունն ընտրությունների ժամանակ «քանի տոկոս ուզում՝ խփո՞ւմ է», գուցե մարդկանց համբերության բաժակը լցրած վերջին կաթիլը եղել էր այն, որ Սերժ Սարգսյանը չէր բավարարվել նախագահական ժամկետներով եւ որոշել էր փոխել Սահմանադրությունն ու երկիրը ղեկավարել արդեն որպես վարչապե՞տ... Բայց Մինասյանն, իհարկե, այս մասին չի խոսի: Նախկին իշխանությունները, հասկանում եք, նորմալ ղեկավարում էին երկիրը, բայց հանկարծ, հենց այնպես, «օդից» հեղափոխության սպասում ձեւավորվեց:
Կամ՝ ինչպե՞ս պատահեց, որ հեղափոխության սպասումն ի վերջո վերածվեց «աղետի սպասման»: Գուցե պատճառն այն է, որ մի շարք քարոզչամիջոցներ (հանրությունն, ի դեպ, դրանք անվանում է «միշիկական», իսկ թե ում պատվին՝ հարգարժան նախկին դեսպանը երեւի տեղյակ է) հեղափոխությունից անմիջապես հետո ու առ այսօր զանազան աղետներ ու կատակլիզմնե՞ր են կանխատեսում Հայաստանի ու Արցախի համար: Սկզբում կանխատեսում էին տնտեսական աղետ ու դրամի փլուզում, հետո՝ անխուսափելի քաղաքացիական պատերազմ, հետո՝ նոր պատերազմ Արցախում եւ տարածքային կորուստներ, կապիտալի արտահոսք, արտագաղթ, տարերային աղետներ... Եվ այդպես՝ ամեն օր: Ու հիմա փաստորեն Միքայել Մինասյանն իր քարոզչամիջոցների «հաջողություններն» է արձանագրում՝ միաժամանակ այդ ամենը համարելով խիստ վնասակար պետության եւ հասարակության համար: Շատ ուշագրավ ինքնախոստովանություն է:
«Հայաստանի Հանրապետությունում կա մի խրամատ, եւ այն Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ է... Ես ամեն ինչ անելու եմ, որ այդ խրամատը լինի պինդ», հայտարարել է Միքայել Մինասյանը: Ճիշտ է արել, պարզապես միայն հայտարարելը քիչ է: Խրամատն ամուր պահելու համար անհրաժեշտ է, օրինակ, որ բանակը չկռվի 80-ականների զենքերով, զինվորները նորմալ սնունդ ու հագուստ ունենան, մարտական տեխնիկան վառելիքի խնդիրներ չունենա, եւ այլն: Հետաքրքիր է՝ ո՞ր գերագույն գլխավոր հրամանատարի օրոք է հայկական բանակն այսպիսի խնդիրներ ունեցել, եւ արդյո՞ք պրն Մինասյանն ընտանեկան ջերմ մթնոլորտում աներոջն այդպիսի հարցեր է տվել: Թե՞ չարժեր անհարմար հարցերով վտանգել սեփական բիզնեսը, որի եկամուտների մի մասով, ի դեպ, կարելի էր շատ ավելի «պինդ խրամատ» ունենալ:
Ամեն դեպքում մի հարցում Միքայել Մինասյանն իրավացի է՝ «հնի վերադարձ չկա»: Ու դա վերաբերում է նաեւ նրանց, ում հիմնական արժանիքը (անկախ այլ արժանիքների առկայությունից) «հնի» հետ բարեկամական կապերն են: