Yerkir.am-ը գրում է․
Այսօր առավոտյան Ճապոնիայի կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է ներկայացրել։ Այս մասին հաղորդում է ճապոնական «Կիոդո» լրատվական գործակալությունը:
Նշվում է՝ երկրի վարչապետ Սինձո Աբեն իր կաբինետի անդամների հրաժարականի մասին հայտարարություն է ընդունել: Պատճառը Աբեի ծրագրած կառավարության կազմի փոփոխությունն է հուլիսին խորհրդարանի վերին պալատի ընտրություններում կուսակցության հաղթանակից հետո և հոկտեմբերին նախատեսվող սպառողական հարկը մինչև 10 տոկոս բարձրացնելուց առաջ:
Եթե 2018 թվականի հոկտեմբերին կառավարությունում վերադասավորումների ընթացքում նախարարներից շատերը պահպանեցին իրենց պաշտոնները, ապա հիմա նախկին պաշտոնին կմնան միայն կառավարության գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան և ֆինանսների նախարար Տարո Ասոն:
Երկու նախարար կփոխվեն, ինչպես Ճապոնիայում է ընդունված ասել, «հորիզոնական կարգով»՝ ԱԳ նախարար Տարո Կոնոն կդառնա էկոնոմիկայի նախարար, համապատասխանաբար ԱԳ նախարարությունը կղեկավարի տնտեսության վերականգնման գործերով ներկայիս նախարար Տոսիմիցու Մոտեգին: Եվս 2-ը, որոնք նախկին կաբինետներում նախարարական պաշտոններ են զբաղեցրել, կվերադառնան կառավարություն, իսկ մնացյալ 13-ը առաջին անգամ կզբաղեցնեն կառավարական պաշտոններ:
Ակնկալվում է, որ օրվա երկրորդ կեսին կհայտարարվի կառավարության նոր կազմը: Հավելվում է նաև, որ այսօր երեկոյան նոր կառավարությունը կմասնակցի երկրի կայսեր կողմից հաստատվելու արարողությանը, որից հետո կհամարվի պաշտոնապես ձևավորված: