Ermenihaber.am-ը գրում է․

Թուրքիայի խորհրդարանի նախկին նախագահ, իշխող ուժի ներկայացուցիչ Բյուլենթ Արընչը հայտնվել է իշխող կոալիցիայի անդամ «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) թիրախում։ Պատճառն այն է, որ Արընչը հանդես է եկել ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) ներկայացուցիչ Ջանան Քաֆթանջըօղլուի նկատմամբ հանդուրժողոականություն դրսևորելու կոչով։

Տարիներ առաջ Twitter-ում կատարած իր գրառումների պատճառով ազատազրկման դատապարտված Քաֆթանջըօղլուի մասին ԱԶԿ-ական գործիչը մասնավորապես ասել էր․ «Ես նրա ոչ մի գրառման հետ համաձայն չեմ։ Բայց մենք պետք է հարգենք խոսքի ազատությունը, պետք է հանդուրժողականություն դրսևորենք»:

ԱՇԿ նախագահ Դևլեթ Բահչելիի խորհրդական Յըլդըրայ Չիչեքը խստորեն է դատապարտել է Արընչի վերոհիշյալ հայտարարությանը։

«Բյուլենթ Արընչը պատերազմ է հայտարարել նախագահ Էրդողանին՝ հանդես գալով «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ - PKK) և «Ֆեթհուլլահական ահաբեկչական խմբավորման» (FETÖ) հետ նույն ճամբարում։ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ -AKP) պետք է ազատվի իր կազմում գտնվող PKK-ի և FETÖ-ի սիրահարներից», - հայտարարել է Չիչեքը։

Հիշեցնենք, որ Ստամբուլի դատարանը ԺՀԿ-ական Ջանան Քաֆթանջըօղլուին տարիներ առաջ կատարած գրառումների պատճառով  հինգ տարբեր մեղադրանքներով դատապարտել է ընդհանուր 9 տարի 8 ամիս 20 օր ազատազրկման։ Քաֆթանջըօղլուն մեղադրվում է ահաբեկչական խմբավորման քարոզչություն կատարելու, պետական պաշտոնյային հրապարակայնորեն վիրավորելու, հանրապետության նախագահին հրապարակայնորեն վիրավորելու, Թուրքիայի Հանրապետությունը ստորացնելու, հանրության մեջ թշնամանք և ատելություն սերմանելու մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել