Վերահսկիչ պալատի բացահայտումների շուրջ աղմուկը շարունակվում է, բայց աղմուկը պայմանավորված է ոչ թե բացահայտումների և չարաշահումների իրավական և քաղաքական վերլուծություններով, այլ իշխանությունների կողմից դրսևորած վրդովմունքով առ վերահսկիչ պալատը: Արդեն մի քանի օր է իշխանություններից ով չի ալարում` թռնում է Զաքարյանի դեմքին` բա դու իրավունք չունես գնահատականներ տալու, անթույլատրելի է նման հայտարարություններ անելը: Այսօր էլ երկրի ղեկավարը մուննաթ եկավ` բա մենք քեզ հսկայական ապարատ ենք տվել, վճարում ենք ամենաբարձր աշխատավարձը, որ քեզ էդպես անթույլատրելի պահես:
Անհասկանալի է իշխանությունների պահվածքը: Նախ, ըստ օրենքի, վերահսկիչ պալատը անկախ մարմին է, որը պետք է հանդես գա ստուգումներով, իսկ չարաշահումներ բացահայտելու դեպքում դրանք պետք է ունենան իրավական հետևանքներ: Այո, ինչ որ տեղ պալատը պետք է իշխանությունների հետ ունենա հակադիր դիրքորոշում, որովհետև ստուգում է հենց իշխանությունների չարաշահումները: Սակայն արդեն որերորդ տարին է` պալատը հանդես է գալիս աղմկոտ բացահայտումներով, սակայն մեկ-երկու շաբաթով մամուլի թամաշայի առարկա դառնալուց բացի` այդ բացահայտումները գրեթե իրավական հետևանքներ չեն առաջացնում: Այժմ էլ, փոխանակ զբաղվելու զեկույցում առկա չարաշահումների վերաբերյալ կետ առ կետ իրավական հետևանքներ առաջացնելով` դեո որևէ իրավական գործողություն չկատարած, օրական մեկը վերահսկիչի նախագահին կանչում է իր մոտ և շշպռում: Եթե փորձում եք օբյեկտիվ մոտենալ` ինչու չեք սպասում այդ գործերի քննությանը և հետո, հասկանալով, որ զեկույցը ուռճացված է, պալատի նախագահին հորդորում սխալ հայտարարություններ չանել: Ի վերջո, այս պահին Իշխան Զաքարյանին նման "տուպիկի" առաջ կանգնեցնելով` դուք դրդում եք, որ մյուս գերատեսչությունները, որոնք պետք է զբաղվեն այդ բացահայտումներով, կաշկանդված լինեն ձեր դիրքորոշման շրջանակներում` արդեն իսկ վտանգելով օբյեկտիվ քննությունը:
Ինչ վերաբերվում է Իշխան Զաքարյանի այն հայտարարությանը, թե բյուջեի 70 տոկոսը կոռուպցիոն ռիսկային գոտում է գտնվում, սա ասված է իշխանության ներկայացուցչի կողմից` ամենաբարձր մակարդակով: Սա պետք է սառը ցնցուղ լինի իշխանության համար: Թեկուզ սա Իշխան Զաքարյանի սուբյեկտիվ կարծիքն է, բայց պետության վերահսկիչ պալատի նախագահի կարծիքն է, ոչ թե ընդդիմադիր շարքային գործիչի: Ուստի իշխանությունները պետք է սթափվեն: Բանը հասել է նրան, որ արդեն իրենք իրենց մեջ չեն կարողանում լռեն:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/varuzhan.babajanyan/posts/579280175450015?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել