Միամտություն է կարծելը, թե Փաշինյանը գիտակցում է, որ սարի պահապանների դեմ ուժային գործողությունն իր վարկանիշը կզրոյացնի: Այդպես մտածելը կրկին գերագնահատում է երկրի այս ղեկավարի հաշվարկները: Եթե Հայաստանի կառավարիչը կտրված չլիներ իրականությունից, նա ուղղակի չէր ունենա Ամուլսարի թեմայով երկրորդ լայվը, լայվ, որն ի ցույց դրեց երկրի կառավարչի` Ամուլսարի հարցում տարօրինակ անսասանությունն ու բացարձակ ինքնավստահությունը, ինչպես նաև ժողովրդի ցանկության անարգումը:
Բացառված չէ, որ վարչապետը կդիմի ուժային լուծման: Նման ելույթ ունեցողը ուժ կիրառելու հրաման նույնպես կարող է տալ: Սարի պահապաններին ուղղված ուղերձը հնչեց որպես խնդրանք, բայց իրականում սպառնալիք էր դա: Թե ինչ կլինի դրանից հետո` այլևս դժվար է կռահել:
Քանի որ սա քաղաքականություն և պատմություն չիմացող իշխանություն է, այն չգիտի, որ նման հանրային սուր թեմաները սովորաբար միտում ունեն իրենց ընտրազանգվածն իրենց թշնամի դարձնելու, և մինչ բողոքի ալիքը սկսում է առանձնացված թեմաներով, ճնշման փորձերի դեպքում այն արագ վերաճում է իշխանության հրաժարականի պահանջի:
Կարծում եմ` հեռու չէ այն պահը, երբ իշխանության երեկվա Ռուբիկոնն անցնելուց հետո այդ Ռուբիկոնը կանցնի և ժողովուրդը: