Քնարերգութիւն․․․
Սա մի մեծ օվկիանոս է։ Անհո՜ւն մի ծով, որի վրայ սաւառնում են սիահար պատանիների հոգիները, այնտեղ կարելի է զգալ մարդկային իմաստութեան անհունից փչող զեփիւռների անուշահոտ շունչը, որ մաքրում գեղեցկացնում է, մարդուն ներքաշում, տանում այդ անհունը... այնտեղ են թափառում եւ տառապեալ հոգիներ, որ անվերջ խօսում են հազարամեա մարդկային ցաւերի, տառապանքների եւ մեղքերի մասին, որ ընդմիշտ վնասել ու վնասում են ազնիվ սրտերը, մեծ ցաւ պատճառելով արդարամիտներին․․․ եւ չկայ, հազար հազար տարիներ են անցել, բայց այդ ցաւերը դեռ մնում են հոմոսափիենսների կառուցած աշխարհում․․․
Այդ օվկիանոսի մի ավազահատիկ էլ Հերանույշ Արշակեանն է, որի անունը քչերին է ծանօթ։
Մի քանի տարի առաջ էր․ պատահական, շատ պատահական, ես ընթերցեցի այս բանաստեղծութիւնը «Հայ քննարերգութեան գոհարներ» ժողովածուից․
Երկինք կապոյտ է. աչքերն ալ սիրուն
Մեզի կը նային կապոյտով անհուն.
Կապոյտ են բոլոր իրերը անուշ,
Ծովերը անհուն, ծաղիկներ քնքուշ,
Ամպերը աննիւթ, հոգին լուսեղէն,
Երբոր դուրս կ՚ելլա իր պահարանեն:
Սիրած եմ այդ գոյն, մարած կամ թէ վառ,
Երբ ճերմակներուն մէջեն ժպտի հար.
Սիրած եմ սիրով աղու խունկի պէս,
Ւնչպէս կը սիրեմ աստղերն հրագես:
Սիրված գիրքի մը թերթերուն մէջտեղ
Կապոյտ ծաղիկ մը կը դնեմ շատ հեղ,
Որպեսզի ով որ օր մը զայն տեսնէ,
Ծաղկին հետ անուշ հոյզերս ալ հիշէ:
Բանաստեղծը եթերային երանգներով գովերգում է իր շրջապատող աշխարհը, ամէն տեղ տեսնելով աստուածային երկնագոյնը․․․ եւ շատ նրբորէն արտայայտում իր մեծ սէրն առ աշխարհ, առ գեղեցիկը, աստուածայինը․․․ բայց մի քնքուշ թախիծ կայ թաքնուած այս երաժշտութեան մէջ, որ առաջին հայացքից աչքի չի զարնում․
Սիրված գիրքի մը թերթերուն մէջտեղ
Կապոյտ ծաղիկ մը կը դնեմ շատ հեղ,
Որպեսզի ով որ օր մը զայն տեսնէ,
Ծաղկին հետ անուշ հոյզերս ալ հիշէ․․․
Եւ մենք կարծէս կարողանում ենք հասկանալ այս տողերի ողջ խորութիւնը, երբ փոքր ինչ շարունակում ենք ընթերցել նրան․
Նոյն այս բանաստեղծն այլ երաժշտութեան մէջ մոտիկ կանգնած է տառապանքին, մահուան քով, եւ մեղմ ձայնով շշնջում է․
Վերջալոյսը կը նվաղի. հոգնած եմ, մա՜յր անուշիկ,
Կուրծքիդ վրայ գլուխս հենած, թո՛ղ որ պառկիմ ա՛լ հուշիկ.
Քնել, գիտեմ, թէ կարող չեմ, բայց կրնամ գեթ արտասուել,
Միտքս տխուր այս վիճակիս դեռ կը մնայ անընտել:
Հովը ծառերը կը սարսէ... կը մսիմ ես մութին մէջ,
Թեեւ ցաւիս սեւ կրակը կը վառի ներսըս անշեջ:
Վերջըս մօ՜տ է... վաղն առաւօտ, երբ ծագէ նոր արշալոյս,
Սառ մարմինես շատոնց հոգիս պիտի տուած ըլլայ խոյս:
Անկողնիս քով, դուն ծնրադիր ինծի խօսիս պիտի դեռ,
Ու անբարբառ իմ բերանես իզո՜ւր սպասես խօսքեր.
Թեւերովդ մի՛ շրջպատեր, մի՛ ջանար տաքըցնել զիս
Սիրտըս այնքան խռոուած է, որ հոգըս չէ մսիլըս:
Վաղը երբոր գերեզմանի մէջ միս-մինակ փակեն զիս,
Ո՜հ, այն ատեն արցունքներովդ տաքցուր պաղ հողը շիրմիս.
Վերջըս մօ՜տ է...ալ ո՛չ շարժիլ, ո՛չ մտածել չեմ կրնար,
Սիրտըս միայն կը կտրտի... մատաղ մեռնի՜լն է դժուար...
Կարդում եմ այս տողերը եւ շուարում․ աստուածային գոյներով արբած հոգուց այս անգամ դուրս է ժայթքում ծանր տառապանք, եւ նա նայելով մայրամուտին գուժում է իր մոտալուտ վախճանի մասին։
Այս տողերն ընթերցելուց յետոյ նորից եմ վերընթերցում «Կապոյտ»-ը։ Պարզ ու մաքուր հոգին եմ տեսնում, որ կարծէս այստեղ մոռացած իր ցաւի սեւ կրակը, ինքնամոռաց զմայլւում է առեղծուածային այս աշխարհով։ Բայց այս անգամ արդէն առաւել նկատում եմ թախիծը, որ խնամքով կոծկում է նա իր տողերի մէջ։
Ո՞վ է Հերանոյշը․․․ եւ նաելով նրա ապրած ժամանակաշրջանը, մենք տեսնում ենք․ 1887-1905։
Փաստօրէն այս երգերի հեղինակը մի աղջնակ է, ով ապրել է ընդհամէնը ․․․ 18 տարի․․․ ես նորից եմ վերընթերցում այս բանաստեղծութիւնները եւ արդէն ականջներիս մէջ զրնգում է․
Վերջըս մօ՜տ է...ալ ո՛չ շարժիլ, ո՛չ մտածել չեմ կրնար,
Սիրտըս միայն կը կտրտի... մատաղ մեռնի՜լն է դժուար...
Սիրելի Հերանոյշ․․․ ինձ բախտ վիճակուեց զմայլուել գիրքի թերթերուն մէջտեղ պահուած կապոյտ մը ծաղկովդ եւ այնտեղ թաքցուած անուշ հոյզերդ ալ ապրել․․․
Նյութի աղբյուր՝ http://lernci.livejournal.com/478209.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել