#միծռվիր

Գրում եմ բոլոր նրանց համար, ովքեր չգիտակցելով աջակցում են տեռորիստներին։

Երբ բանականության փոխարեն այս կամ այն ուժերը խաղադրույքները կատարում են մարդկանց զգացմունքների, հուզականության ու հոգու խորքում պինդ պահած նվիրական արժեքների վրա, ու սկսում են դրանք օգտագործելով մանիպուլացնել մարդկանց խմբերին․ սա ես համարում եմ հոգեբանական տեռոր։ Իսկ երբ հոգեբանական տեռորն իրականացնում ա մի ուժ, որն իր ուղն ու ծուծով ա տեռորիստ, սա արդեն պետության դեմ իրականացվող ամենածանր հանցագործություններից ա, որը չունի ներում։ Ցավոք, մենք չունենք պետական այնպիսի ամուր իմունիտետ, որպեսզի վերացնենք ու բացառենք նման հանցագործությունները Հայաստանում։ Մի բան էլ ավելին՝ մեր պետական իմունիտետն այն աստիճան փոշիացված է, որ սույն հանցագործության համար ստեղծվել է բարենպաստ հող ու պայմաններ աճելու, զարգանալու համար։

Այն, ինչ արեց «Սասնա ծռեր» տեռորիստական խմբավորումը երեք տարի առաջ, հոգեբանական տեռորի վրա հիմնված ստորագույն հանցագործություն էր՝ ուղղված պետության դեմ։ Ոչ թե իշխանությունների, ոչ թե անձերի, այլ հենց ՊԵՏՈւԹՅԱՆ ԴԵՄ։ Ովքեր պնդում են հակառակը, կա՛մ գիտակցաբար են դա անում՝ զուտ ելնելով իրենց նեղ անձնային շահերից, կա՛մ պարզապես չեն հասկանում, թե որտեղ է պետություն-իշխանություն տարանջատման էն նուրբ գիծը, որի վրա էլ տեռորիստները կառուցում են իրենց մանիպուլյացիոն ողջ քաղաքականությունը։ Մարդկանց նշածս երկրորդ տեսակը շանս ունի մի քիչ ավելի խորը վերլուծելու տեղի ունեցածն ու դուրս գալու տեռորի քարոզից ստացված ազդեցության տակից։

Եթե կա մի բան, որի համար չի կարելի մեղադրել Նիկոլ Փաշինյանին, դա հենց տեռորը, զենքի ուժով իշխանությունը փոխելու մեթոդը, ուժային կառույցներին խլեշելու արատավոր պրակտիկան մերժելն է։ Փաստացի, այն ամենը մերժելն է, ինչին դիմել էին ծռերը 3 տարի առաջ։ 2018-ին, երբ մարդիկ ասում էին․ «Ոստիկանը մերն ա», հենց սրանով մերժում էին տեռորն ու սահմանում այն եզրագիծը, որտեղից մի կողմում կանգնած է պետությունը, մյուսում՝ իշխանությունը։ «Ոստիկանը մերն ա»-ն սաղմնային գիտակցումն էր էն ամենի, ինչը հենց նույն ասողները չէին հասկանում 3 տարի առաջ, երբ խլեշում էին ոստիկանությանը։ Ու սրա համար իրոք պետք ա շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին։

ՊՊԾ գունդը ՊԵՏԱԿԱՆ կարևոր կառույց ա, ՊԵՏՈՒԹՅԱՆ համար գործող ռազմավարական նշանակության օբյեկտ, ու անկախ նրանից, թե ովքեր են այս կամ այն պահին իշխանությունները, դրանից երբեք չի փոխվելու ՊՊԾ գնի նշանակությունը, ինչպես չի փոխվելու ԱԺ-ի, Կառավարության ու մնացած բոլոր ՊԵՏԱԿԱՆ կարևոր հաստատությունների նշանակությունը։

ՊՊԾ գնդում իրենց ծառայությունն իրականացնող ոստիկանները գործում են ՀԱՆՈւՆ ՊԵՏՈւԹՅԱՆ, ու երբ ասում ենք ոստիկան, չենք հասկանում կոնկրետ անձի, այլ հասկանում ենք հենց ՊԵՏՈւԹՅԱՆ համար ծառայող մարդկանց։

Հիմա զգո՞ւմ եք, թե որտեղ ա գտնվում էն նուրբ տարբերությունը պետության ու իշխանության միջև, առանց որին մեծ ուշադրություն դարձնելու պաշտպանում էիք ծռերին, իբր թե նրանք գործել են հանուն պետության... Հանուն պետության չեն սպանում ոստիկանի, հանուն պետության չեն գրավում պետությունը, հանուն պետության չեն ծրագրում հարձակվել պետական օբյեկտի վրա՝ լավ գիտակցելով, որ արդյունքն անարյուն չի լինելու։ Հանուն պետության չեն ծրագրում զինվել ու հարձակվել պետական պաշտպանության ենթակա մյուս կարևոր օբյեկտների վրա, ինչ է, թե իրենց պայքարն անձերի դեմ է։ Հանուն պետության բանկոմատ չեն թալանում։ Հանուն պետության ՊՊԾ գունդը գրավելիս ճոռոմ-ճոռոմ չեն խոսում, թե՝ կա՛մ մենք հաղթանակած դուրս կգանք ստեղից, կա՛մ դուրս կհանեն մեր դիակները։ Լո՞ւրջ։ Բա ո՞ւր մնաց հանուն պետության իրենց անձնազոհությունը։ Ինչի՞ գլուխները կախ ու թևերը ոլորած դուրս եկան գնդից ոստիկանների ուղեկցությամբ։ Բա ո՞ւր մնացին դիակներով դուրս հանվելու «հերոսական» պոռթկումները։

Էս ամենից կեղծության զզվելի գարշահոտ չեք առնո՞ւմ։ Լուրջ, դժվա՞ր ա արդյոք գալ էն գիտակցմանը, որ դրանց արածը հանուն պետության չէր, ԸՆԴԴԵՄ պետության էր։ Այ, որ էն ժամանակ ունենայիք էս ամենի մասին առանց հուզականության, առանց մանիպուլյացիայի ենթարկվելու հստակ պատկերացում ու սառը դատելու կարողություն, իսկ Սերժ Սարգսյանն էլ ունենար բավարար խարիզմատիկ լեգիտիմություն, էդ ակտի առաջին իսկ րոպեներից բոլորովին այլ, արժանի հանգուցալուծում կտեսնեիք, ոչ թե հնարավորություն, որ տեռորիստները մի օր ազատ կարձակվեն, մի օր կուսակցություն կստեղծեն, մի օր էլ երկրի առաջին դեմքի հետ կհանդիպեն ու քաղաքական թեմաներ կքննարկեն... Այ սրա համար էլ երբեք չի կարելի շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին։

Գնացեք, մտածեք, մնացածը խիստ ակնհայտ ա ու պարզ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել