Ադրբեջանական տիրույթում տեղեկություններ կան, որ Գեյգելի շրջանի սահմանամերձ Չայքենդ գյուղում նկարահանումներ իրականացնելիս Ադրբեջանի իրավապահների (մի քանի աղբյուրներ էլ գրում են, որ պաշտպանության նախարարության ծառայողների կողմից) ՌԴ քաղաքացի, ազգությամբ հայ մարդ ու կին են ձերբակալվել։ Նշում են, որ ձերբակալվածները որպես տուրիստ տեղավորվել էին մոտ 35 կմ հեռավորության վրա գտնվող Գյանջա քաղաքում։
Նրանց տվյալները չեն հրապարակել, նշում են միայն, որ նրանց տեղափոխել են Գեյգելի շրջկենտրոն` քաղաք Գեյգել։ Ամենայն հավանականությամբ, նրանցով զբաղվում է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը։
Նշեմ, որ Չայքենդը Շահումյանի շրջանում տեղակայված մեր պատմական Գետաշենն է, որը 1991 թվականից գտնվում է Ադրբեջանի օկուպացիայի տակ։
Անհասկանալի է, թե ոնց են նրանք հայտնվել Ադրբեջանի տարածքում, քանի որ հայկական ազգանվամբ անձանց մուտքը Ադրբեջանի տարածք խստիվ արգելվում է, և ավելին՝ հայերն, անկախ քաղաքացիությունից և բնակության երկրից, պետանվտանգության ծառայողների տեսադաշտում են հայտնվում հենց սահմանային անցակետերում։