Pastinfo.am-ը գրում է.

Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ օգոստոսի 3-ին մերժեց ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց կիառված կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանական խմբի միջնորդությունը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը։

«Պաշտպանական կողմը 25 մլն դրամ գրավ էր առաջարկում։ Այս անգամ հիմնավորումը տարբերվում էր նախորդ հիմնավորումներից։ Շեշտադրումը նրա վրա էր, որ չենք բարձրաձայնում այն հիվանդությունները, որոնք խոչընդոտում են պատժի կրման համար։ Նշում ենք միայն, որ Մանվել Գրիգորյանը հինգ դատական նիստ անընդմեջ դատարան չի ներկայանում առողջական խնդիրների պատճառով։ Դա պետք է համարժեք գնահատական ունենար, որը, սակայն, չունեցավ»,-ասաց Արսեն Մկրտչյանը՝ ընդգծելով, որ այս պարագայում ճիշտ չէ խոսել այն մասին, որ դատարանի վրա ազդեցություն չկա։ Պաշտպանի խոսքով նրանց այսօրվա և նախորդ միջնորդությունները մերժելու տրամաբանությունից բխում է այն, որ դատարանը հակասում է ինքն իր կողմից վկայակոչած հիմնավորումներն ու պատճառները։

Մեր այն հարցին արդյոք պատրաստվում են ներկայացնել ևս մեկ միջնորդություն, Արսեն Մկրտչյանն արձագանքեց, որ կրկնակի միջնորդություն կներկայացնեն այնքան, որքան հնարավոր կլինի. «Անձամբ ես այսուհետ միայն զուտ իրավական մեթոդներով չեմ պայքարելու այս անարդարության դեմ։ Բացի պատրանքային իրավական տարրերից Մանվել Գրիգորյանի հետապնդումն իր մեջ ներառում է իրավաբանության հետ կապ չունեցող անձնական հաշվեհարդարի տարրեր, որի դեմ պայքարի այլ միջոցները կարող են արդյունավետ լինել և դրանք անպայման կներդրվեն»,-ընդգծեց Մ. Գրիգորյանի պաշտպանը՝ ավելացնելով, որ հետագայում ավելի մանրամասն կպարզաբանի։

Նշենք, որ հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 17-ին։ Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար՝ ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 2-րդ մասով, ինչպես նաև մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար՝ ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել